Նիկոլ Փաշինյանն ու Արթուր Վանեցյանը «կպայքարեն», բայց հայտնի չէ` ինչպես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության նիստը բավականին բուռն էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական տվեց քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ:

«Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ:

Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ` նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին»,- ասաց Փաշինյանը:

Արդեն կառավարության նիստից հետո ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչպես է պատկերացնում ֆեյքերի դեմ պայքարը, ասաց. «Ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ, շատ մտածված: Եթե գրառումների մեջ` դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ, այդտեղ իրավապահ մարմինները որեւէ գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա հանցակազմ, այդ դեպքում ԱԱԾ-ն եւ մնացած իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել եւ իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի բացահայտեն եւ կանխեն այդ հանցագործությունը: Այդ գործընթացը իրականացվելու է շատ զգույշ, եւ որեւէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»:

Նշենք, որ ֆեյքերի «ինստիտուտը» ձեւավորվել է ՀՀԿ իշխանության տարիներին: Ավելին` այն ժամանակ կոնկրետ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ն էլ եղել է ֆեյքերի որջ, որտեղից պարբերաբար համացանցով հարձակումներ էին կազմակերպվում այս կամ այն գործչի, նույնիսկ իշխանության ներկայացուցիչների դեմ (վճարովի հիմունքներով, իհարկե): Թավշյա հեղափոխությունից հետո, երբ փոխվեց նաեւ այդ ՊՈԱԿ-ի ղեկավար կազմը, իսպառ բացառվել է նման պրակտիկան: Բայց ֆեյքերը՝ իրենց գործելաոճով հանդերձ, չեն վերացել:

Իհարկե, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «փոս փորողն ինքն է ընկնում մեջը», եւ թավշյա հեղափոխության ժամանակ, երբ ՀՀԿ-ն դիմադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելիս, նաեւ դրանից հետո, երբ ՀՀԿ-ն դիմադրում էր իրավունքի ուժով ԱԺ արձակմանը, համացանցում հարձակումների զոհ իրե՛նք դարձան, եւ ՀՀԿ-ականները եվրոպացիների մոտ բողոքում էին այդ իրավիճակից:

Ինչեւէ, վարչապետի երեկվա հանձնարարականի բովանդակությունը հասկանալի է, սակայն մի փոքր դժվար է պատկերացնել, թե ԱԱԾ-ն ինչպես պետք է այդ վերահսկողությունն իրականացնի, որոնք են լինելու ֆեյքերի դեմ պայքարի մեխանիզմները:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց` սա իսկապես ազգային անվտանգության խնդիր է:

«Եւ եթե սա ազգային անվտանգության խնդիր է, նշանակում է` սրանով պետք է զբաղվի ԱԱԾ-ն: Մի տարրական օրինակ բերեմ. սոցիալական ցանցերում հայտնվել է լուր, որտեղ պատկերված է Նիկոլ Փաշինյանը դատավարության ժամանակ, երբ որպես վկա հարցաքննվում էր, եւ սա մեկնաբանված է, թե Փաշինյանը դատարանի առաջ է, եւ նրան սպասվում է ցմահ բանտարկություն: Սա ռեզոնանս առաջացնելու պոտենցյալ ունեցող լուր է, որը կարող է ուղղակի որոշակի կոլափս առաջացնել նույնիսկ միջազգային մակարդակով»,- ասաց Թեւոսյանը:

Հարցրինք` ինքն ինչպես է պատկերացնում ԱԱԾ-ի վերահսկողությունն ու պայքարը, ասաց, որ ինքը այդքան էլ լավ չի պատկերացնում դա: «Ինձ համար մի բան է միանշանակ, որ դա որեւէ աղերս չպետք է ունենա եւ որեւէ կերպ չպետք է անդրադառնա խոսքի ազատության վրա: Հստակ գիծ պետք է գծվի, եւ որեւէ կերպ խոսքի ազատության իրավունքը չպետք է սահմանափակվի Հայաստանում»,-ասաց պատգամավորը:

Հետաքրքրվեցինք` ըստ իրեն` ԱԱԾ-ի քայլերը` ուղղված սրան, կարող են լուրջ արդյունքների հասցնել: Թեւոսյանն ասաց, որ ինքը չի կարող պատասխանել այդ հարցին. «Թող աշխատեն, կտեսնենք»:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ լավ չի պատկերացնում այս հարցը, որովհետեւ, առաջինը, մենք չունենք օրենսդրություն:

«Իմ կարծիքով լավ է, որ չունենք համապատասխան օրենսդրություն, որովհետեւ ուրիշ երկրների հետ չենք մտել հակաֆեյքային օրենսդրական փոփոխությունների մեջ, որովհետեւ սովորաբար ավելի շուտ սա վատթարացնում է խոսքի ազատությունը, քան թե օգնում է ֆեյքերի դեմ պայքարին:

Միակ բանը, որ ես պատկերացնում եմ, դա ֆինանսական հոսքերի բացահայտումն է, այսինքն` երբ ֆեյքերը վճարվում են: Մնացած բոլոր քայլերը կարող են շատ վատ հետեւանքներ ունենալ ժողովրդավարության համար: Հնարավոր է նաեւ` ինչ-որ էջեր լինեն, որ ԱԱԾ-ն անմիջապես ֆեյսբուքի հետ կապնվի եւ հնարավորություն ստանա արգելափակելու այդ ֆեյք էջերը: Եթե սկսեն խմբագրություններից տեխնիկա առգրավել, լրագրողներին հետեւել, դա նորմալ չի լինի: Ես կարծում եմ` սա այն հարցը չէ, որով պետք է ԱԱԾ-ն զբաղվի:

Կարծում եմ` սկզբում պետք է մտցնել լրագրողական հարց, ինքնակարգավորման դաշտ, հանրային իրազեկման դաշտ, եւ վերջում նոր գալ, հասնել ԱԱԾ-ին, եւ դա պետք է լինի ծայրահեղ դեպքում, օրինակ` այն ժամանակ, երբ ադրբեջանցիք կեղծ էջերով խուճապ են ստեղծում, երբ սահմանին իրավիճակը սրվում է: Դա կարելի է հասկանալ, բայց եթե ինչ-որ մեկը ինչ-որ մեկի մասին կեղծ լուր է տարածում, չեմ կարծում, որ կարելի է դա դիտարկել որպես աղգային անվտանգության խնդիր»,- ասաց Մարտիրոսյանը:

Մինչ այդ նկատենք, որ ֆեյք-նյուզերի դեմ պայքարի հարցը լրջորեն քննարկվում է ողջ աշխարհում, եւ անգամ ԵԽԽՎ նստաշրջանում են այդ խնդրին անդրադարձել:

Լուսինե Մինասյան




Լրահոս