Կանանց նվիրված միամսյակի շրջանակում «Ժողովուրդ» օրաթերթը զուտ կանացի թեմաների շուրջ զրուցել է երգչուհի Գաբի Գալոյանի հետ: Նա խոստովանել է, որ իրեն կանացի լիարժեք երջանկության համար պակասում է ընտանիքը: Գաբին անկեղծացել է՝ երկրպագուների կողմից ուշադրության պակաս չունի, սակայն իր կյանքի կեսին դեռեւս չի գտել:
-Գաբի՛, կանանց նվիրված միամսյակը Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի:
-Մեր տան տղամարդկանց կողմից ես մշտապես արժանացել եմ ուշադրության, նրանք բավական կնամեծար են, այնպես որ, կանանց նվիրված միամսյակն առանձնապես չեմ տարբերում տարվա մյուս ամիսներից:
-Կնոջ ո՞ր տեսակն է մշտապես հիացրել Ձեզ, կարող եք նաեւ անուններ նշել:
-Սիրում եմ ուժեղ, ինքնուրույն, շարմով տեսակներին, որոնք ուժեղության հետ մեկտեղ չեն կորցրել նաեւ կանացիությունը: Այդպիսի կանանց հրաշալի օրինակ են Նարե Հայկազյանը, Վալերի Գործունյանը:
-Կոկո Շանելն ասել է. «Չկան տգեղ կանայք, կան ծույլ կանայք»: Դուք ի՞նչ կարծիք ունեք:
-Ես միշտ ասել եմ, որ տգեղ կին չկա: Ամեն մեկն էլ ունի իր փայլը, տեսակը: Կարեւորն այն է, որ կանայք չչարանան. միայն չար կինն է տգեղ: Թեպետ չարությունը բոլորին է տգեղացնում՝ անկախ սեռից:
-Կենցաղային գործերից ո՞րը տանել չեք կարողանում:
-Բոլորն էլ սիրում եմ, ուղղակի ինձ մոտ տագնապ է առաջանում, երբ տանը մաքրության օր են հայտարարում եւ սկսում են մեծամասշտաբ գործեր անել, թե չէ սովորական օրերին ամեն գործ էլ անում եմ:
-Ո՞րն է եղել սիրելիի կողմից ստացած ամենայուրահատուկ նվերը:
-Ախր ես սիրելի չունեմ: Երկրպագուներիս կողմից մշտապես ստացել եմ ծաղկեփնջեր, օծանելիք, շոկոլադ, մոմեր, տարատեսակ այլ նվերներ: Ծաղիկները երբեմն մեր տանը տեղ չի անում, նվիրում ենք հարեւաններին:
-Որպես կին՝ Ձեզ երջանիկ համարու՞մ եք:
-Դեռեւս ոչ. լիարժեք երջանիկ կլինեմ այն ժամանակ, երբ ունենամ իմ ընտանիքը:
Անի Անտոնյան