Ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում վերանորոգվել եւ կահավորվել է գյուղական 7 բուժկետ, իսկ այս տարվա ընթացքում նույն կազմակերպության կողմից կշարունակվեն այլ բուժկետերի հիմնանորոգման եւ մասնագիտական վերապատրաստումների ծրագրերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, այս ծրագրի շրջանակում այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել էր ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին: Ինչպես ներկայացվեց հանդիպման ընթացքում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտային խորհրդի միջեւ գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ծրագրի կողմից 2016-2018 թվականներին վերանորոգվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքի բուժամբուլատորիան եւ Վանեւան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան եւ Տրետուք բնակավայրերի բուժկետերը:
Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել եւ ընթացքի մեջ են բուժկետերի տեխնիկական վերազինման աշխատանքները: «Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 16 բուժկետերից ընտրեցինք 7-ը, որտեղ եւ սկսեցինք շինարարական աշխատանքները: Ամենամեծ շինհրապարակը Մեծ Մասրիկի բուժամբուլատորիայի տարածքում էր, որտեղ, ի թիվս այլ աշխատանքների, անցկացրել ենք նաեւ ջեռուցման նոր համակարգ:
Ավարտվել են նաեւ Վանեւան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան, Տրետուք բնակավայրերի բուժկետերի շինարարական աշխատանքները, իսկ այս պահին ընթացքի մեջ է դրանց բուժսարքավորումներով ու բուժգործիքներով վերազինելու ծրագիրը: Մեր դիտարկումների արդյունքում բոլոր աշխատանքները իրականացվել են ըստ նախատեսվածի եւ որակով: Պատվիրվել եւ տեղադրվել են նաև ցուցանակները»,- ներկայացրեց Ժան-Կլոդ Ռոսեն:
Իրականացվող ծրագրի հաջորդ բաղադրիչը վերաբերում է բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստումներին, որոնք, ըստ ծրագրի պատասխանատուի, նախատեսված է իրականացնել 2019 թվականի հունիսի 3-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս ուղղությամբ կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ քննարկել եւ հստակեցնել վերապատրաստման մասնակիցների եւ անցկացման վայրի հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ներկայացրեց նաեւ Սեւան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սեւանի տարածաշրջանի համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրանք կարեւորեցին նաեւ Գագարինի եւ Շատվանի բուժկետերի վերանորոգման խնդիրը:
«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Իզերի դեպարտամենտային խորհրդի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում կատարված աշխատանքների առնչությամբ: Շնորհակալություն, որ ամենայն ջանասիրությամբ կյանքի եք կոչել ծրագիրը: Ձեր տրամադրությունը փաստում է, որ աշխատանքներն իրականացվել են ըստ պլանավորվածի:
Իհարկե, կատարված աշխատանքները մեծ աջակցություն են գյուղական համայնքների բնակիչներին, իսկ տեղադրված սարքավորումները հնարավորություն կտան ավելի ճիշտ եւ օպերատիվ բուժում կազմակերպել նրանց համար: Շատ եմ կարեւորում նաեւ բուժաշխատողների վերապատրաստման ծրագիրը, որի շնորհիվ մենք կունենանք ավելի բանիմաց եւ հմուտ մասնագետներ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ապրիլի 5-ին հրավիրեց մասնակցելու վերանորոգված բուժկետերի բացման արարողություններին:
Կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել ապակենտրոնացված համագործակցության շրջանակում 2019 թվականին վերանորոգման ենթակա բուժկետերի եւ ամբուլատորիաների ցանկը: