Բագրատաշենի տարածաշրջանում «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերության կողմից այգեգործության զարգացման ծրագիրը, չնայած որոշակի դժվարություններին, կյանքի է կոչվում: Ընկերությունը գրանցված է Հայաստանում, դրա սեփականատեր Նիկոլաս Աբու Ֆեյսալն ունի հայ կին ու ընտանիք: Մարտի 29-ին կայացած Այրում համայնքի ավագանու նիստի օրակարգի հարցերի թվում էր Բագրատաշենում 1 հեկտար հողատարածքը մեկնարկային 1 միլիոն դրամով աճուրդով օտարելու հարցը:
Օրակարգն ավագանու քվեարկությամբ հաստատվեց: «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերությունը Բագրատաշենի բնակիչներից գնել է 64 հեկտար տարածք, ուր պեկան տեսակի ընկույզի եւ լիբանանյան մայրու այգիներ են հիմնվում, նպատակ կա ընդլայնելու այդ այգիները: 1 հեկտար տարածքում նախատեսում է հիմնել ոռոգման ջրամբար, որից կաթիլային եղանակով կսնվեն պտղատու այգիները: Ավագանու անդամ Մհեր Բաղդասարյանը վերապահումներ ուներ` ասելով, որ ջրամբարի շինարարությունը սկսվել է առանց համայնքի ղեկավարին եւ ավագանուն տեղյակ պահելու:
Նրա խոսքերով` այդ ընկերությունը Բագրատաշենի հողերից գնելու եւ այնտեղ այգիներ հիմնելու նպատակ ունի, մինչդեռ այդ հողերը պետք է առաջնահերթ վաճառվեն Բագրատաշենի բնակիչներին, որպեսզի նրանք այգիներ հիմնեն: Նիստին ներկաներից Տավուշի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար Միսաք Մելքումյանը հայտնեց, որ նշված ընկերության կողմից ջրամբար կառուցելու համար կապիտալ շինարարություն չի իրականացվել, փոս է փորվել, որի մեջ պոլիէթիլային թաղանթ է փռվելու, ոռոգման ջուր է կուտակվելու:
Նա ասաց, որ ինքն է տվել այդ աշխատանքները կատարելու թույլտվությունը: Այրում համայնքի ղեկավար Արայիկ Պարանյանը հայտարարեց, որ ընկերությունը Բագրատաշենի բնակիչներից հողեր է գնել, այգիներ հիմնել. հարկ է հնարավորություն տալ այդ 1 հեկտար տարածքում ոռոգման ջրամբար գործարկելու, այգիները ոռոգելու: «Գարդենիա Գրեյն ԴԲօրի» ներկայացուցիչ Սպարտակ Զաքարյանը հայտնեց, որ 5 ամիս է` տեղումներ չկան, նորատունկ այգիները չորանում են, ու ոռոգման ջրամբարի գործարկումը պարզապես անհրաժեշտություն է: Նրա խոսքով` այգեգործը միշտ բարյացակամ է իր հարեւանի հանդեպ. հարկ է բարյացակամ լինել այգիներ հիմնող «Գարդենիա Գրեյն ԴԲօր» ընկերության նկատմամբ, որը հնարավորություններ ունի այգիների բերքն իրացնելու համաշխարհային շուկայում:
Նա ասաց, որ ընկերությունը սեփական միջոցներով ոռոգման ցանցը մաքրելու աշխատանքներ է կատարել: Ավագանին նշված 1 հեկտար հողամասի աճուրդային վաճառքի մեկնարկային գինը սկզբնականից 5 անգամ թանկ որոշեց` 5 միլիոն դրամ: Ավագանու անդամները նման գինը պայմանավորեցին նրանով, որ հողամասի վաճառքից գոյացած գումարով հնարավորություն կլինի Բագրատաշենում զարգացման որեւէ ծրագիր իրականացնել: Ավագանին քվեարկությամբ ընդունեց այդ առաջարկը: Նախկինում Այրում համայնքում հողերն աճուրդով վաճառելիս նման մեկնարկային գին չի եղել, մանավանդ, երբ օտարվող հողն ամայի, անորակ տարածք է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ