Ո՞րն է իմաստը. Արցախի պատգամավորները` «Սասնա ծռեր»-ի ավտոերթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավարներից Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, նախատեսում ենք Միասնության ավտոերթ դեպի Արցախ, որտեղ կանցկացնենք հագեցած եւ հետաքրքիր օրեր: Ավտոերթի ամսաթվի, Արցախում մնալու օրակարգի եւ այլ մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»:

Ժ. Սէֆիլյանը հայտնել է. «Հնարավորինս լայն ձեւաչափով ակնկալում ենք ձեր անմիջական, գործնական եւ ակտիվ մասնակցությունը»:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները բեռնատարով կոտրեցին ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքի դարպասները` ներխուժելով ներս: Իրավիճակն այդ ժամանակ շատ էր «թեժացել», ինչի պատճառով էլ Արցախի իշխանությունները հորդորում էին այլեւս Արցախ չգնալ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներից պարզել, թե ինչպես են վերաբերվում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի` Արցախ գնալու հայտարարությանը ու արդյոք այս անգամ պատրաստ են ընդունել նրանց:

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐԶԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ

-Տիկի՛ն Մխիթարյան, ինչպե՞ս են Արցախի իշխանությունները վերաբերվում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությանը, որ իրենք պատրաստվում են Միասնության ավտոերթ անցկացնել Արցախում:

-Անկեղծ ասած, ես բոլորվին տեղյակ չեմ, Ձեր ասելով իմացա, ես չգիտեմ` ինչ նպատակ ունեն, ինչի համար են գալիս, դրա մասին որեւէ տեղեկություն չունեմ, ուստի չեմ կարող ասել: Անկեղծ ասած, եթե իրենք հաշվի չեն նստում Արցախի իշխանությունների կարծիքի հետ, մտավորականության կարծիքի հետ, իրենք միշտ էլ գալիս են, իրենք ինչպես ցանկանում են, այդպես էլ անում են առանց կարծիք հաշվի առնելու: Իսկ դուք երեւի շատ լավ գիտեք, որ սա առաջին անգամ չէ, որ գալու են, նախորդ ամիսներին էլ իրենք միշտ եկել են:

Ես չեմ կարծում, որ իրենց այցը կարող է ինչ-որ վճռական նշանակություն ունենալ մեր երկրի քաղաքական իրադարձությունների համար: Ես կրկնում եմ, որ անգամ տեղյակ չեմ իրենց հայտարարության վերաբերյալ, թե ում են իրենք ինչ-որ կոչեր անում, ում են հորդորում. ես որեւէ բան չեմ կարող ասել:

-Տեսակետ կա, որ այս երթը կարող է կրկին լարվածություն առաջացնել ՀՀ եւ ԼՂՀ բնակչության շրջանում, քանի որ նման միջադեպ մեկ անգամ արդեն եղել է: Դուք նման մտավախություն չունե՞ք:

-Ես չեմ կարծում, որ դա ինչ-որ բանի առիթ կարող է լինել, որեւէ լարվածություն չի լինելու: Ես կարծում եմ, որ ուղղակի այցելություն է Արցախ, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն Արցախում լինելու, մենք որեւէ բան չենք կարող ասել:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Սաֆարյան

-Պարո՛ն Սաֆարյան, որքանո՞վ եք ճիշտ համարում «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ժիրայր Սէֆիլյանի այն հայտարարությունը, որ իրենք կրկին պատրաստվում են Արցախում Միասնության ավտոերթ անել:

-Ես բացասական եմ վերաբերվում ավտոերթ անցկացնելուն: Ես Ժիրայր Սէֆիլյանին շատ լավ գիտեմ, 1992 թվականից անձամբ ճանաչում եմ, այստեղ հարցը Ժիրայր Սէֆիլյան անձին չի վերաբերում, բացարձակ, ուղղակի անհասկանալի է նման ավտոերթ կազմակերպելու իմաստը: Այս պահին Արցախում պետք չեն լարվածություններ, ուշադրության շեղում եւ այլն: Թող թողեն գոնե մեկ տարի հանգիստ մնանք. ավտոերթ էլ անեն, շքերթ էլ կանեն ու չգիտեմ էլ ինչ: Այսօր Ղարաբաղում որեւէ ցնցումներ պետք չեն, այս իրավիճակում նման բաներ պետք չի անել:

-Իսկ ի՞նչ եք պատրաստվում անել, որպեսզի նման լարվածություն չլինի, կանխարգելիչ որեւէ բան արվելո՞ւ է:

-Ոչ, ուղղակի ես համարում եմ, որ այդ ամենը ավելորդ լարվածություն է Արցախի համար: Արցախի նախագահի ընտրության ժամկետից շուտ մրցավազքը եւս համարում եմ լարվածություն ստեղծելու որոշակի միտում: Դեռ մեկ տարի ժամանակ կա, պետք չի ժամանակից շուտ լարվածություն ստեղծել Ղարաբաղում, սա իմ կարծիքն է: Կրկնում եմ, որ մենք որեւէ բան չենք էլ ձեռնարկելու, ինչ-որ քայլերի դիմելու հարց չկա, ուղղակի դեմ եմ ավելորդ լարվածությանը:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս