Երեկ կառավարության նիստին արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրել է ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Այնուհետեւ ՀՀ վարաչպետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում պետք է լինի մեկ արտաքին քաղաքանություն:
«Ակնհայտ է, որ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն, երկրում կարող է լինել միայն մեկ արտաքին քաղաքականություն, որը մշակում եւ վարում է կառավարությունը, եւ պետական բոլոր մարմինները իրենց բոլոր արտաքին քաղաքական շփումներում պետք է հստակ մնան այս շրջանակի մեջ, եւ նաեւ մեր գործուղված պաշտոնյաները պետք է իրականացնեն իրենց անսակարկելի գործառույթը»,- հայտարարել է ՀՀ վարչապետը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Փաշինյանի մտքի բովանդակությունն այն է, որ արտաքին քաղաքականություն իրացնող, սահմանադրորեն լիազորություն իրացնող այդ մարմինները, ինչպիսիք են վարչապետը, կառավարությունը, Ազգային ժողովը, ԱԳՆ-ն, արտաքին քաղաքական կարեւորագույն խնդիրներում սնվեն մեկ աղբյուրից: Սրա հիմքում այն է, որ բոլոր այն մարդիկ, պաշտոնյաները, որոնք իրենց գործունեության մեջ առնչվում են արտաքին քաղաքականության հետ կամ զբաղվում են դրանով, պետք է մեկ պաշտոնական տեսանկյունի շրջանակներից հանդես գան: Խոսքը համակարգման մասին է»:
Ըստ Շիրակ Թորոսյանի` արտաքին քաղաքականությունում տարատեսակ շփումներ կան, որոնք պետք է համակարգել. «Բոլորը պետք է առաջնորդվեն պաշտոնական տեսակետով խնդիրը համակարգելու մեջ»: Իսկ հարցին, թե, ըստ շրջանառվող տեղեկությունների, Ն. Փաշինյանի հորդորը վերաբերում էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, քանի որ, կարծես թե, նա առաձին արտաքին քաղաքականություն է իրականացնում, վերջինս ասաց. «Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ՀՀ Սահմանադրությամբ արտաքին քաղաքականությունը իրացնում, համակարգում է ՀՀ կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ: Դա Սահմանադրությամբ է, ու որեւէ երկակիություն այստեղ չկա»:
ՍՈՆԱ ԳՐԳՈՐՅԱՆ