Վերջին ամիսներին Հայաստանում բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ կրքերը թեժացել են: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել է զրուցել բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի հետ, որը մանրամասն անդրադարձել է ներկա իրավիճակին, ինչպես նաեւ խոսել բռնցքամարտի այլ հարցերի շուրջ:
-Գիտենք, որ պարզաբանում եք պահանջել AIBA-ից: Արդեն պատասխան ստացե՞լ եք:
-ԱԻԲԱ-ն, չկարողանալով պատասխանել մեր հարցմանը, առաջարկել է եռակողմ հանդիպում, քննարկում, այսպես ասած, կրքերը հանգստացնելու համար: Մեկ բան հստակ է, որ բռնցքամարտի ֆեդերացայի ընտրություններ չեն կայանալու, քանի որ դրա համար իրավական փաստեր չկան: Այս ընթացքում ոչ մի բողոքարկում չի եղել, նույնիսկ նամակ-բողոքն է բացակայում:
-Եթե, այնուամենայնիվ, ընտրությունները կայանան, նորից կառաջադրվե՞ք:
– Ընտրությունները բացառվում են: Ոչ մի ընտրություն չի կայանա: Մոռանանք այդ թեման, դրանք անիմաստ խոսակցություններ են, որոնք գցում են մեր պետության հեղինակությունը: Այս երկիրը թատերաբեմ չէ: Ամեն բան նորմալ է, եւ մենք շարունակում ենք մեր համագործակցությունը ԱԻԲԱ-ի հետ:
-Նշել եք, որ այս ամենի պատճառը իրականում կապված է Ձեր այն հայտարարության հետ, որ պետք է առաջադրվեք ՀԱՕԿ նախագահի պաշտոնում: Դեռ ցանկանու՞մ եք առաջադրվել:
-Ճիշտն ասած, ես էլ եմ հոգնել այս միջավայրում աշխատելուց: Պետությունը սատար չի կանգնում արդարարությանը, պետությունը ցույց չի տալիս իր բռունցքը: Այո՛, ես հայտարարել եմ եւ կառաջադրվեմ ՀԱՕԿ նախագահի պաշտոնում, որովհետեւ ես այդ գործի գիտակն եմ, որովհետեւ ինձ հարգում եւ վստահում է մեծամասնությունը: Բոլորն իմ ընկերներն են, եւ մենք իրար հետ անցած ճանապարհ ունենք: Սա մեզ համար բիզնես չի, սեփական անձը գովազդելու կամ ինքնահաստատվելու տեղ չի: Իմ նպատակը այն է, որ երկրում ամենալավը ապրի մարզիկը, որովհետեւ ամենարադար աշխատանքը հենց մարզիկինն է, եւ քանի դեռ ես ֆեդերացիայի նախագահն եմ, ամեն ինչ կանեմ դրան հասնելու համար:
-Պետության կողմից ֆինանսավորումն ինչպիսի՞ն է: Վերջին ամիսներին փոփոխություններ կա՞ն ֆինանսավորման մեջ:
-Վերջին շաբաթվա ֆինանսավորումը չի իրականացվել: Սա աբսուրդ է: Մենք պատրաստվում ենք նամակ գրել վարչապետին եւ պարզաբանում պահանջել, թե ինչ է նշանակում այս ամենը, ինչ է նշանակում նախարարության այս չկանոնակարգված եւ ինքնագլուխ որոշումը: Սա խայտառակություն է ուղղակի, եւ մենք մեր պարզաբանումը նամակի միջոցով կպահանջենք: Ինչ վերաբերում է ֆինանսավորմանը, ապա կասեմ, որ այն կազմում է 110 մլն դրամ, որը բավականացնում է անցկացնել միայն պաշտոնական առաջնություններ:
Տղաների ուսումնամարզական հավաքների համար գումար չի հատկացվում, դրանով զբաղվում եմ ես եւ իմ ընկերները: Ֆինանսավորման առյուծի բաժինը ես վերցրել եմ ինձ վրա: Այդ գործում օգնում են նաեւ իմ ընկերները, օրինակ` Էդմոնը Հախվերդյան, ով հանդիսանում է ֆեդերացիայի փոխնախագահը եւ ներկայացուցիչը ԱՄՆ-ում:
–Բռնցքամարտում հիմա ի՞նչ խնդիրներ եք տեսնում:
-Մեր բռնցքամարտը դեռեւս շատ զարգացած չի, սակայն մենք մեծ ջանքեր ենք թափում այդ գործում: Երեւի թե խնդիրներից ամենամեծը մեր բնավորությունն է: Ավելորդ ինքնավստահությունը, մեծամտությունը ուղղակի կործանարար է: Հայաստանում հիմա պայքարում են իմ դեմ, որովհետեւ ես ձգտում եմ պրոֆեսիոնալին: Բռնցքամարտով են ցանկանում զբաղվել այնպիսի մարդիկ, ովքեր հեռու են դրանից, ոչ մի կապ չունեն: Ես դա թույլ չեմ տալու, ես գիտեմ ճիշտ ճանապարհը եւ իմ մարզիկներին, իմ տղաներին տանելու եմ այդ ճանապարհով, իսկ այդպիսի անգրագետ մարդկանցից պետք է հեռու մնալ եւ վերջ:
-Հայաստանում մարզվելու պայմանները ինչպիսի՞ն են:
-Հայաստանում վերջին 15 տարում բացի կորցնելուց ոչ մի ձեռքբերում չենք ունեցել: Միայն իմ` ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո ժամանակակից գույք է մտել Հայաստան, այդ ամենը` իմ եւ իմ ընկերների միջոցով: Վերջին 5 տարիներին չկա ոչ մի բռնցքամարտիկ, որ իր միջոցներով է ձեռք բերել մարզական գույք: Այն ժամանակ կային հանցագործներ, ովքեր նվիրատվություն արած մարզական գույքերը վաճառել են: Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, Արթուր Աբրահամի նվիրած գույքը նրանք վաճառում էին: Եվ այդ մարդիկ` այդ մարզիչները, ցանկանում են կրկին վերադառնալ բռնցքամարտ: Ես թույլ չեմ տալու, ես այս երեխաների ճակատագրի մասին մտածում եմ եւ թույլ չեմ տա:
Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը