ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականի նկատմամբ քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործման հոդվածով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Նախաքննություն է իրականացվում, այս պահին չեմ կարող շատ մանրամասներ հայտնել: Քրեական գործը հարուցվել է կեղծ փաստաթղթերի օգտագործելու հոդվածով»,- նշեց Վանեցյանը:
Արթուր Վանեցյանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը քրեական գործի վարույթը փոխանցել է Քննչական կոմիտեին:
Ապրիլի 5-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առթիվ:
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»,- գրել է Փաշինյանը: