ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիում էր: Նրա այցին գյումրեցիները վաղուց էին սպասում, շատ հարցեր էին կուտակվել: Ի վերջո, Հանրապետության երկրորդ քաղաքում դեռեւս ահռելի չափերի չլուծված խնդիրներ կան, գումարած սոցիալական ծանր վիճակը: Գյումրի ոտք դնելուն պես քաղաքացիները դիմեցին Նիկոլ Փաշինյանին՝ վեր հանելով մի շարք խնդիրներ: Անօթեւանություն, գործազրկություն, ճանապարհների անբարեկարգ վիճակ: Խնդիրներ, որոնք տարիներով լուծում չեն տրվել նախկին իշխանությունների կողմից:
Գյումրի այցի առաջին վայրկյաներից վարչապետին ուղղեկցում էին Շիրակի մարզցի ընտրված պատգամավորները: Այդ ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանին ամենամոտը կանգնած էր ընդդիմադիր Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը: Վերջինս ըստ ներկաների անընդհատ փորձեր է արել անձամբ խոսել Գյումրու փողոցների վիճակի մասին, բայց քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները նրան փորձել են ընդհատել՝ թույլ չտալով արտահայտվել:
Ի վերջո, Տիգրան Մեծ փողոցում շրջայցի ժամանակ ԼՀԿ անդամ Սարիկ Մինասյանի ու Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջեւ կոնֆլիկտ եղավ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որն ուղղված է եղել Սամվել Բալասանյանին, փորձել է պատգամավորը պատասխանել:Նիկոլ Փաշինյանը քաղաքապետ նկատողություն է արել ճանապարհներին շինարարության վիճակի համար՝ նշելով, որ մայթերը քանդված են ու քաղաքացիները այսպես հնարավորություն չունեն նորմալ տեղաշարժվելու: «Կաբլուկով կինն այստեղով ո՞նց է քայլելու, էս դպրոցի աշակերտը ոնց է այստեղով անցնելու»,- հարցրել է վարչապետը:Փաշինյանն ընդգծել է, որ որ եվրոպական որևէ երկրում նման բան չես տեսնի, ինչին ԼՀԿ պատգամավոր Սարիկ Մինասյանն արձագանքեց. «Էս փառք է հլը»:
Պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով նկատողություն արել Մինասյանին՝ ասելով, որ նա շատ է խոսում, իսկ ներկաներից մեկն էլ պատգամավորին «կլյաուզնիկ» անվանել: Եւ մինչ քաղաքապետն /իր շրջապատի հետ միասին/ ու պատգամավորը լեզվակռիվ էին տալիս, ՀՀ վարչապետ Փաշինյանը զայրացավ:
«Էէ, դե չեղավ ժողովուրդ, հիմա կարող ա ստեղ մի հատ էլ քուչի կռիվ սկսի, մի հատ հանգստացեք, այ քեզ բան: Մի հատ էլ իմ ներկայությամբ հիմա նմա՞ն բան եք անելու»,- բարձր տոնով ասաց Փաշինյանը:
Հետաքրքրականն այն էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Սարիկ Մինասյանը որոշ ժամանակ առաջ շատ մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, ավելին տարիներ շարունակ Սարիկ Մինասյանը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում: 2013-2017թվականներին՝ Բալասանյանի օրոք, Սարիկ Մինասյանը Գյումրու քաղաքապետարանում զբաղեցրել է Բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնը։
Գյումրու քաղաքապետարանից հետո Սարիկ Մինասայանը տեղափխվել է Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժին՝ զբաղեցնելով բաժնի պետի պաշտոնը: Սարիկ Մինասյանը նաեւ շատ լավ հարաբերությունների մեջ էր փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի հետ, որ եւս վարչապետի այցի ժամանակ փորձեց լեզվակռվի մեջ մտնել Սարիկ Մինասյանի հետ:
Գյումրիում տնակային ավաններից մեկում շրջայցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոշիկ նվիրեցին։ Նվիրողը կոշիկի արտադրությամբ զբաղվող գյումրեցի էր։ Նիկոլ Փաշինյանը նրանից հետաքրքրվեց, թե կոշիկը ի՞նչ համար է և, երբ իմացավ, որ 41 համար է՝ կատակեց՝ «Ես 42 եմ հագնում»։ Այնուհանդերձ Փաշինյանն ընդունել է գյումրեցու նվերը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը «Հայավտոկայարան» Գյումրու մասնաճյուղն է եղել: 88-ի երկրաշարժից հետո մինչ օրս այն իր գործունեությունը իրականացնում է տնակային պայմաններում: Վարչապետը ոտքով շրջել է ավտոկայարանի բանավան թաղամասում: 30 տարի արդեն մաշված ու շարքից դուրս եկած տնակներն այլեւս ի վիճակի չեն ծառայել իրենց նպատակին:Վարչապետն անձամբ մտել ժամանակավոր կացարաններ ու ծանոթացել իրավիճակին:Խնդիրները՝ խնդիր, դժգոհությունը՝ դժգոհություն, բայց առկա հարցերի համար միայն պետությանը չէ, որ պետք է մեղադրել:Փաշինյանի աչքից չվրիպեց տնակային թաղամասում առկա աղբակույտը, եւ նա «բացատրական աշխատանքներ» սկսեց բնակչության հետ, ասելով,որ հասարակությունն ինքը պետք է նման հարցերում հետամուտ լինի, չկեղտոտի:
Ի դեպ, երեկվա այցի ամբողջ ընթացքում Փաշինյանի կողքին Սամվել Բալսանյանը փորձել է արդարանալ: Սակայն Նիկոլ Փաշինյանը շարունակել է դժգոհել ու բողոքներ հայտնել: Դրան զուգահեռ էլ չեն դադարել բնակիչների բողոքները կապված Գյումրու խնդիրների հետ, ինչն ավելի է զայրացրել վարչապետին:
Իսկ Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ Սամվել Բալսանյանի օրերն արդեն հաշված են: Բնակչությունը դժգոհ է, ու համոզված է, որ վարչապետը պատժամիջոցներ պետք է կիրառի:
Հեղինե Մանուկյան
Գյումրի
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: