Բենզինի մաքսատուրքն այս տարի կբարձրանա 2, իսկ մյուս տարի` 5 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի մաքսային քաղաքականությունը որոշում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ըստ այդմ, Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված Հայաստանում առաջիկայում հնարավոր է թանկանան ոչ միայն առաջին անհրաժեշտության եւ լայն սպառման ապրանքները:

Ինչպես հայտնի է` այս տարվանից ԵԱՏՄ անցումային դրույթներն այլեւս չեն գործում: Օրինակ մեքենաների մաքսազերծումը 2020-ից կիրականացվի ԵՏՄ դրույքաչափերով: Դրա հետեւանքով զգալի կբարձրանա երրորդ երկրներից մեքենաների մաքսազերծման վճարը:

Նշենք, որ մաքսատուրքը բարձրանալու է աստիճանաբար` մինչեւ 2022 թվականը: Ի դեպ, կան ապրանքներ, որոնց համար սահմանված մաքսատուրքը կգործի աստիճանաբար` յուրաքանչյուր տարի ավելանալով: Արդյունքում Հայաստանի տնտեսությունը կկարողանա փոքր-ինչ շնչել: Իսկ սպառողների վրա այն միանգամից ընդգծված բացասական ազդեցություն չի ունենա:

Օրինակ, այս տարվա հունվարից բարձրացել է բենզինի մաքսատուրքը`2 տոկոսով: Այսինքն երրորդ երկրից ներկրվող բենզինը ավելի թանկ գնով է մաքսազերծվում: Բայց 2020 թվականին դրա համար սահմանված մաքսատուրքը էլ ավելի կբարձրանա`5 տոկոսով: Ինչը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ այն գործարարների համար, որոնք բենզին ներկրում են երորրդ երկրներից: Իսկ դրանք մի քանիսն են: Ըստ պետական եկամուտների կոմիտեի` օրինակ Բուլղարիայից 2018 թվականին ներկրվել է 19 հազար 654 տոննա նավթ, նավթամթերք, որի մեջ մտնում է ոչ միայն բենզինը, այլեւ`ավիավառելիքը, դիզելային վառելիքը: Իրանի Իսլամական Հանրապետությունից նույն ժամանակահատվածում ներմուծվել է 5204 տոննա նավթ, նավթամթերք: Ըստ որոշ մասնագետների`դրա մեծ մասը բենզին է:

Նրանց համոզմամբ, ամենահարմար տարբերակը բենզինը Իրանից ներկրելն է: Այնտեղ, ի դեպ, բենզինի գները ավելի ցածր են, քան Ռուսաստանում: Բայց արի ու տես, որ Հայաստանը չի կարող Իրանից բենզին ներմուծել, քանի որ այն չի համապատասխանում ԵԱՏՄ որոշ չափանիշներին: Բացի այդ, այն տնտեսվարողները, որոնք անցած տարվա ընթացքում թեեւ ներկրել են 5204 տոննա նավթ, նավթամթերք, ապա այս եւ հաջորդ տարում կամ չեն ներկրի կամ էլ`քիչ քանակությամբ: Այս խնդրի առաջ կկանգնեն նաեւ Բուլղարիայից ներմուծողները, որտեղից անցած տարի ՀՀ համեմատաբար բեզնինի զգալի քանակություն է ներմուծվել:

Իսկ ահա Թուրքմենստանից անցած տարի ՀՀ ներմուծվել է 29 հազար 682 տոննա, Հունաստանից` 56 հազար 768 տոննա նավթ, նավթամթերք: Նկատենք, որ Բելառուսից ներմուծված նավթ, նավթամթերքը անցած տարում կազմել է 308 տոննա: Իսկ Վրաստանից ներմուծվել է 2626 տոննա նավթ, նավթամթերք: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Թուրքիայից Հայաստան եւս նավթ, նավթամթերք է ներմուծվել. անցած տարվա ընթացքում այն կազմել է 252 տոննա:

Բայց, այնուամենայնիվ, բենզինի առյուծ բաժինը Հայաստանը ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից: Անցած տարվա տվյալներով, Հայաստան ներմուծվել է 210 հազար 521 տոննա նավթ, նավթամթերք:
Սակայն ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից վստահեցնում են, որ ԵԱՏՄ դրույքաչափերը ներքին շուկայի վրա բացասական ազդեցություն չեն թողնի:

«Ժամանակին, երբ բանակցություններ են ընթացել անցումային դրույքաչափերի շուրջ, մինչեւ 2018 թվականը Հայաստանի համար զրոյական մաքսատուրք է եղել, անփոփոխ է մնացել, որպեսզի Հայաստանի բիզնեսը հասցնի ադապտացվել այդ փոփոխություններին: Բայց այս տարի բենզինի մասով այն կբարձրանա 2, իսկ մյուս տարի` 5 տոկոսով: Այսինքն 2020 թվականինին Հայաստանը կմիանա ԵԱՏՄ դրույքաչափին, որը կազմում է 5 տոկոս: Նշեմ, որ այն վերաբերվում է երրորդ երկրներին: Իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի համար համարվում է հիմնական շուկան, որտեղից բենզին ենք ներմուծում, զրոյական է: Բացի այս, ԵԱՏՄ-ում առաջարկվում է նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի հայեցակարգը, որտեղ արդեն ոչ թե մաքսատուրքը, այլ գները լինելու են միասնական` անդամ պետությունների համար», – «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից:

Բայց համաձայնեք, որ այս ամենի արդյունքում Հայաստանում դիզվառելիքի շուկայում կստեղծվի ռուսական մենաշնորհ: Ինչի դեմ մենք երկար տարիներ պայքարել ենք:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս