«Վայրի հրեշտակը» հանրահայտ հեռուստանովելից սիրված դերասանուհի և երգչուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգին ընդառաջ Երևանում հանդիպեց լրագրողների հետ, հայտնում է Արմենպրեսսը։
Նա ասաց, որ Արգենտինայի և Ուրուգվայի հայկական համայնքների շնորհիվ ծանոթ է հայոց պատմությանը, մշակույթին և անգամ խոհանոցին:
«Ինձ համար շատ առանձնահատուկ պահ է, քանի որ առաջին անգամ եմ այցելում Հայաստան: Արգենտինայում և Ուրուգվայում հայերին շատ են սիրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Օրեյրոն:
Նա խոստովանեց, որ մինչև Հայաստան ժամանելը, տասներկու համերգային ծրագրով է հանդես եկել այլ երկրներում և հոգնածության պատճառով չի հասցրել շրջել Երևանում: «Ամուսինս և որդիս պտտվել են ամբողջ քաղաքում: Նրանք ինձ ասացին, որ եղել են հետաքրքիր ու տեսարժան վայրերում: Իրենց հետ երկար հաց` լավաշ էին բերել, որը մենք վայելեցինք ամբողջ երեկոյի ընթացքում, շատ համեղ է Հայաստանի նուռը»,-պատմեց երգչուհին:
Խոսելով իր ստեղծագործական կյանքի մասին` Օրեյրոն նշեց, որ թվում է, թե այն մարդիկ, որոնք իրենց սիրած աշխատանքով են զբաղվում, պետք է մշտապես երջանիկ լինեն, այնինչ ընդհանուր վազքի, լարվածության և գերհոգնածության արդյունքում երբեմն հուսահատվում են ու հանգստի պահանջ զգում: «Նման իրավիճակներում ինձ փրկում է բնությունը, սիրում եմ ժամանակ անցկացնել բնության գրկում, վայելել այն»,-անկեղծացավ նա:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե այժմ ինչ հարաբերություններ ունի «Վայրի հրեշտակը» ֆիլմում իր սիրելի տղամարդուն մարմնավորած դերասան Ֆակունդո Արանայի հետ, Նատալիան պատասխանեց, որ իրենք ընկերներ են: