Միջխորհրդարանական միության 140-րդ նստաշրջանի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 7-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի նախագահն ընդգծել է երկու բարեկամ ժողովուրդների միջև ստեղծված ամուր կապերը, որոնք պայմանավորված են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ Կիպրոսն առաջին երկիրն էր Եվրոպայում և երկրորդն աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դատապարտել այս ոճրագործությունը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն էլ իր հերթին միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն։
Հայաստանի խորհրդարանի ղեկավարն իր խոսքում կարևորել է եղբայրական Կիպրոսի խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ սեղմ ժամկետներում վավերացման խնդիրը։
Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը, ողջունելով իր պաշտոնակցին, նշել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նախորդ շաբաթ արդեն իսկ ուղարկվել է օրենսդիր մարմին և հավաստիացրել, որ այն կվավերացվի սեղմ ժամկետներում։ Դեմետրիս Սիլուրիսը հրավիրել է Արարատ Միրզոյանին պաշտոնական այցով հյուրընկալվել Կիպրոսում. Ազգային ժողովի նախագահը սիրով ընդունել է հրավերը։
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկել են նաև Կիպրոս-Հայաստան-Հունաստան խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրելու նախաձեռնության կյանքի կոչման ուղղությամբ։