Ստրասբուրգում այսօր մեկնարկած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ելույթ կունենա և վեհաժողովականների հարցերին կպատասխանի Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանի ելույթը եվրոպական պալատում սպասվում է հինգշաբթի: Նախատեսված են բարձրաստիճան հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Համաեվրոպական այս լսարանի առջև ելույթից, հարց ու պատասխանից հետո վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված հեղափոխության առաջին տարեդարձին:
Եվրոպայի խորհրդի համար հոբելյանական` 70-ամյակի տարում, սպասվում է նաև Վրաստանի վարչապետի ելույթը:
Այս նստաշրջանում վեհաժողովականները կանդրադառնան անդամ երկրներում ատելության խոսքին ու անհանդուրժողականությանը, նաև դրանք կանխելու ուղղությամբ քաղաքական առաջնորդների պատասխանատվությանը: Վեհաժողովի սեղանին կլինեն նաև անդամ երկրներում ընտրությունների մշտադիտարկմանը, միջազգային կառույցների հետ համագործակցությանը, սեռական բռնության ու ոտնձգությունների դեմ պայքարին վերաբերող նաև փողերի լվացմանը, ինչպես նաև սոցիալական մեդիային ու դրա հնարավոր սպառնալիքներին վերաբերող հարցերը:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ