Արտակարգ դեպք Վանաձորում. տաքսու վարորդին դաժանորեն սպանել են, դին, սավանով փաթաթված, տեղափոխել «Տափի Դուզ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին, ժամը 18.50-ին, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրից Ա.Սարդարյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին, սպանություն կատարելու կասկածանքով Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կամո Կիրակոսյանը, որը ցուցմունք է տվել, որ ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա.Սարդարյանի հետ, որի ընթացքում նրա ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել:

Դաժան սպանությունից հետո դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք, բենզինով այրել, այնուհետև կիսաայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել է Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանքի աղբյուր և ծածկել հողով ու չորացած տերևներով: Դեպքր առթիվ ապրիլի 7-ին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս