Զարգացման հստակ քաղաքականություն չկա. Հաշմանդամային սպորտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հիմնադիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հաշմանդամային սպորտի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հիմնադիր, քարտուղար Վարդուհի Արամյանի հետ:

-Զարգացվածության ի՞նչ մակարդակի վրա է գտնվում հաշմանդամային սպորտը Հայաստանում:

-Մեր երկրում հաշմանդամային սպորտի զարգացման հստակ քաղաքականություն չկա: Մենք պետք է ունենանք այդպիսի քաղաքականություն եւ նոր հասկանանք` այն զարգացել է, թե ոչ: Կարծում եմ` այդ հարցը դեռեւս մեր երկրի համար տեղին չի. պետք է լինեն հստակ ծրագրեր հաշմանդամային սպորտը զարգացնելու համար:

-Ո՞ր սպորտաձեւերն են ամենատարածվածը:

-Մենք ունենք շատ տարբեր մարզաձեւերի ուղղությամբ տարվող աշխատանքներ, սակայն դրանք ընդամենը աշխատանքներ են, որոնք ստաբիլ բնույթ չեն կրում: Սայլակներով բասկետբոլով Հայաստանում մարզվում են երկար տարիներ: Տարածված է նաեւ Գոլբոլը, որը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար է: Ունեցել ենք նաեւ Գոլբոլի առաջնություններ Հայաստանում: Անցկացրել ենք նաեւ Սեղանի թենիսի մրցումներ: Կառանձնացնեմ Բոչա մարզաձեւը, որը նախատեսված է չորս վերջույթների խնդիրներ ունեցող մարզիկների համար: Սա միակ սպորտաձեւն է, որը Հայաստանում չի կորցրել իր պարբերականությունը:

-Հաշմանդամային սպորտով զբաղվողները շա՞տ են:

-Եթե այս հարցը ուղղեք Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը, ապա նրանք կներկայացնեն մի մեծ ցանկ, որը իրական պատկերը ցույց չի տալիս: Այդտեղ չի խոսվում մարդկանց մասին, ովքեր պարբերաբար մարզումների են մասնակցում, եւ ես` որպես ֆեդերացիայի քարտուղար, չեմ կարող ասել, որ նրանք մասնակիցներ են: Այդ մարդիկ չեն ներկայացնում կոնկրետ ակումբներ եւ նրանք էպիզոտիկ մասնակիցներ են հաշմանդամային սպորտում:

-Մարզվելու պայմանների մասին ի՞նչ կասեք:

-Մարզադպրոցներում մարզվելը մատչելի չի: Հաշմանդամային սպորտով զբաղվողները մարզադպրոցներում չեն մարզվում: Այստեղ մնում են առանձին հասարակական կազմակերպությունները, որոնք ստեղծում են մարզվելու համար որոշակի պայմաններ: Հարցը այս պարագայում շատ բարդ է, որորվհետեւ հաշմանդամային սպորտը լայն հասկացություն է. սա մի մարզաձեւ չի, այն իր մեջ ներառում է տարբեր եւ բազում մարզաձեւեր: Կան մարդիկ, ովքեր իրենք իրենց համար են ստեղծում պայմաններ, այսինքն` իրենց միջոցներով:

-Պետության կողմից ինչպե՞ս է ֆինանսավորվում հաշմանդամային սպորտը:

-Պետության ֆինանսավորումը կազմում է 9մլն դրամ, որ բավարար է միայն միջոցառումներ կազմակերպելու համար, իսկ միայն միջոցառումներ կազմակերպելով` չես կարող սպորտ զարգացնել:

-Պետության կողմից այլ աջակցություններ կա՞ն:

-Ճիշտն ասած` կասեմ, որ պետությունը դեռ չի ձեւավորվել: Շուտով Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կմիացվի այլ նախարարության, եւ մենք չգիտենք, թե ինչ կլինի: Իհարկե, հույսով կսպասենք, որ ամեն ինչ կգնա դեպի լավը:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս