ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստում այսօր 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան է ընտրվել Գագիկ Ղազինյանը:
Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի նիստին, բացի անդամներից, ներկա էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Կանոնակարգի համաձայն՝ ֆակուլտետի գիտխորհրդի անդամները նախևառաջ ընտրեցին նիստը նախագահող, որը ստանձնեց Քաղաքացիական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ Տարիել Բարսեղյանը:
Նա տեղեկացրեց, որ սահմանված ժամկետում ֆակուլտետի բոլոր ամբիոններում քննարկվել են դեկան առաջադրելու հարցը. «Բոլոր ամբիոնները, բացի ֆակուլտետի գործող դեկան Գագիկ Ղազինյանից, այլ թեկնածություն չեն առաջադրել: Այսօր մենք ունենք մեկ թեկնածու»:
Գագիկ Ղազինյանը, ներկայացնելով ֆակուլտետի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիրը, փաստեց, որ կրթության որակի բարելավման, այն ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար առավել գրավիչ դարձնելու նպատակով նախանշվում են կրթության ստացման և տրամադրման միջավայրի բարելավում, դասախոսի գիտամանկավարժական գործունեության խթանում, ուսանողի համար ուսումնառության գործընթացի գրավչության և արդյունավետության բարձրացում, կրթության մատուցման ձևի և բովանդակության բարեփոխում, ինչպես նաև ֆակուլտետի հնարավորությունների ընդարձակում:
«Ներկայացված ուղղություններից յուրաքանչյուրը բազմաշերտ է, սակայն յուրաքանչյուր միջոցառում միտված է ֆակուլտետում աշխատանքի և ուսումնառության գործընթացի գրավչության բարձրացմանը, կրթության և գիտական գործունեության որակական բարելավմանը, ֆակուլտետի ճանաչմանն ու միջազգայնացմանը»,- իր ելույթի ընթացքում ասաց Գագիկ Ղազինյանը:
Դեկանը նշեց, որ ըստ զարգացման ծրագրի՝ կրթության ստացման և տրամադրման միջավայրի բարելավման համար իրականացվելու են լսարանների ձևափոխում և տեխնիկական հագեցվածության ապահովում, մասնագիտական գրադարանի բարելավում, ծանուցման ճկուն համակարգերի ներդրում և այլն:
Գագիկ Ղազինյանը փաստեց, որ դասախոսի գիտամանկավարժական գործունեության խթանման համար իրագործվելու են դասախոսների համար մրցակցության կառուցակարգերի ներդրում, դասավանդման գործընթացում պրակտիկ աշխատողների ներգրավում, դասախոսի լսարանային և արտալսարանային ծանրաբեռնվածության նվազեցում, նրանց օգնականների ինստիտուտի ներդրում, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում և այլն:
Ուսանողի համար ուսումնառության գործընթացի գրավչության և արդյունավետության բարձրացման համար էլ, Գագիկ Ղազինյանի հավաստմամբ, նախատեսվում են ուսանողին կրթական միջավայրում ադապտացնելու և ճիշտ կողմնորոշելու կառուցակարգերի մշակում, իրավաբանական քոլեջի ստեղծում, ուսանողների պրակտիկայի կազմակերպման արդյունավետության բարձրացում, շրջանավարտների աշխատանքի տեղավորման աջակցություն և այլն:
Ֆակուլտետի զարգացման ծրագրի ներկայացումից հետո պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես եկան ելույթներով և նշեցին, որ Գագիկ Ղազինյանը միանշանական արժանի է ընտրվելու և հետագա 5 տարիներին ևս իրագործելու ֆակուլտետի ղեկավարումը:
Այնուհետև Իրավագիտության ֆակուլտետի գիտխորհրդի անդամների փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 39 կողմ և 1 անվավեր ձայների հարաբերակցությամբ ֆակուլտետի դեկան ընտրվեց Գագիկ Ղազինյանը: