Ինչ փոփոխություններ կլինեն ՔՊ-ում համագումարից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ իրենց կուսակցությունում երկու աշխատանքային խումբ է գործում: Մի խումբն աշխատում է ՔՊ վարչության կանոնանդրության, մյուս խումբը՝ ՔՊ ծրագրային դրույթների վրա:

-Պարո՛ն Հովակիմյան, առաջիկայում ՔՊ-ում պետք է կադրային փոփոխություններ լինեն, վարչության նախագահ պետք է ընտրվի, քանի որ ՔՊ-ի վարչության նախագահը նախօրեին ընտրվել է ԵԿՄ նախագահի պաշտոնում եւ առաջիկայում պետք է հրաժարական ներկայացնի: Ի՞նչ է կատարվում կուսակցությունում, արդյոք այժմ անգործությա՞ն է մատնված վարչությունը:

-Վերջին համաժողովը, այսինքն` փետրվարին կայացած կազմակերպչական համաժողովի ժամանակ հայտարարվել էր, որ կուսակցությունը պատրաստում է կանոնադրական փոփոխություններ եւ ծրագրում փոփոխություններ: Ներկայումս գոյություն ունի երկու աշխատանքային խումբ` մեկ աշխատանքային խումբը, որը ես եմ համակարգում, կանոնադրական փոփոխությունների նախագիծ է նախապատրաստում, իսկ մյուսը համակարգում է Լենա Նազարյանը, որն էլ զբաղվում է ծրագրում փոփոխությունների նախագծով: Երբ այս երկու փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ արդեն պետք է հրավիրել արտահերթ համաժողով:

Օրակարգում, ըստ էության, լինելու է երկու կարեւորագույն փաստաթղթերի փոփոխությունների ընդունում` նոր վարչության ընտրություններ եւ նոր վերահսկողի ընտրություններ: Այսինքն` ե՛ւ վարչության, ե՛ւ վերահսկողի նոր ընտրություններ են սպասվում, որը ընթացքի մեջ է:

-Այսինքն` դա երկա՞ր գործընթաց է: Ե՞րբ եք նախատեսում ունենալ արտահերթ համաժողով, որի ժամանակ պետք է հաստատվեն Ձեր նշած վարչությունները:

-Ըստ էության, երկար չի տեւելու, քանի որ այդ նախագծերի մշակումը ավարտին է մոտենում, մոտ երկու ամիս: Այդ ժամանակահատվածում ամեն ինչ կհասցնենք ավարտել: Ու, ըստ էության, ամռանը արդեն կլինի համաժողովը: Կոնկրետ այս պահի դրությամբ բան չեմ կարող ասել, քանի որ օրվա որոշման հետ կապված դեռեւս որեւէ բան չկա:

-Իսկ ՔՊ-ն ունի՞ վարչության ղեկավարի իր թեկնածուն, արդյոք քննարկե՞լ եք թեկնածուի հարցը:

-ՔՊ-ի կարգը այսպես է. վարչության անդամներին ընտրում է համաժողովը, վարչության նախագահին ընտրում են վարչության անդամները փակ գաղտնի քվերակությամբ: Այլ կերպ ասած` որպեսզի տեղի ունենան վարչության անդամի ընտրություններ, պետք է վարչության գործող նախագահը վարչությանը պետք է պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացնի, որից հետո պետք է վարչությունը նիստ գումարի, որպեսզի ընտրություններ տեղի ունենան, այսինքն` կլինեն առաջադրումներ, որից ելնելով էլ կլինեն ընտրություններ:

-Բայց վարչությունը «հավանած» թեկնածու չունի՞ վարչության ներսում:

-Սովորաբար մեզ մոտ այդպես չի լինում, նման քննարկումները լինում եմ, այսպես ասած, բուն ընտրությունների ժամանակ: Մարդը ինքն է հավակնում, կամ վարչության մի անդամը մյուսին է առաջադրում: Պրոցեսն այսպիսինն է մեր կուսակցությունում:

-Այսինքն` մինչեւ այդ կուսակցությունում որեւէ գործընթաց, որոշում չի՞ կայացվելու:

-Ես ասեմ ավելին` եթե անգամ վարչության նախագահը հրաժարական ներկայացնի, փոխնախագահ Սուրեն Պապիկյանը այդ կարճ ժամանակահատվածում կկատարի ղեկավարի աշխատանքները, մինչեւ կընտրվի նոր վարչությունը, իսկ նոր վարչությունն էլ կընտրի նոր նախագահին: Այնպես որ, այստեղ որեւէ գործընթաց չի խաթարվելու:

Այսինքն` մենք այդտեղ պարտադրված չենք արագ վարչության նախագահի ընտրություններ կազմակերպել, որովհետեւ կա վարչության նախագահի տեղակալ, որը որ վարչության նախագահի բացակայության ժամանակ պարտականությունները կատարում է, իրավական առումով մենք շտապելու խնդիր չունենք: Գիտակցելով, որ մի քանի ամսից նոր վարչություն է ընտրվելու, նոր վարչության նախագահ` ես չեմ բացառում, որ, ասենք, եթե Սասուն Միքայելյանը հրաժարական ներկայացնի, վարչության նախագահի լիազորությունները կմնան թափուր. փոխնախագահը այս կարճ ժամանակահատվածում կկատարի, մինչեւ նոր վարչությունը կընտրվի, նոր վարչությունն էլ արդեն նոր նախագահ կընտրի:

-Մեր տեղեկությունների համաձայն` ՔՊ-ում նպատակ կա ամբողջովին փոխելու վարչության անդամներին. որքանո՞վ է իրատեսական այս տեղեկությունը:

-Լինելու են փակ գաղտնի ռեյտինգային կարգով ընտրություններ, վարչության կազմի ընտրությունը փակ է լինելու. թե ինչ կազմ կընտրվի, դրա մասին ոչ ոք որեւէ բան չի կարող ասել: Բնական է՝ կլինեն հին վարչությունից ընտրվողներ, կլինեն նոր ընտրվողներ, գուցե լինեն մարդիկ, ովքեր ցանկություն չեն ունենա նորից առաջադրվել: Թե ինչ կլինի վարչության նոր կազմի հետ, դրա մասին որեւէ մեկը որեւէ բան չի կարող ասել, քանի որ մեր կանոնադրությունը այնպես է գրվել, որպեսզի ֆորս մաժորների ժամանակ էլ վարչությունը կատարի իր աշխատանքը. մենք այս պարագայում որեւէ խնդիր չունենք:

Մեր կանոնադրության կառուցվածքն այնպիսին է, որպեսզի երբեք ֆորս մաժորների ժամանակ փակուղային իրավիճակներում չհայտնվի: Մենք ժամանակին, որ կանոնադրության նախագծի վրա աշխատում էինք, մենք գիտակցում էինք, որ, լինելով ընդդիմադիր, գալու է մի իրավիճակ, երբ մեր ընկերների մի մասին կարող են բանտերը լցրած լինեն, ինչն արվում էր այն ժամանակ քաղաքական գործիչների նկատմամբ: Մենք այդ ամենը կանխատեսել էինք, հաշվարկել էինք, ինչի համար էլ այսօր մենք որեւէ հարցում խնդիր չենք ունենալու:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս