Կառավարությունը որոշել է 2019թ. փետրվարի 2-ին Տավուշի մարզի Չինչին բնակավայրում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով Ավետիք Ադամյանի անասնապահական ֆերմային պատճառված վնասը մասնակի փոխհատուցել` տրամադրելով մոտ 24 միլիոն դրամ: Հրդեհի հետեւանքով Ա․ Ադամյանին պատճառվել է 31 միլիոն դրամի վնաս: Կառավարությունն այսկերպ ակնկալում է անասնապահության ռիսկայնության մակարդակը նվազեցնել, գյուղացիական տնտեսավարողների սոցիալական վիճակը բարելավել:
Սակայն հետաքրքիրն այն է, որ նույն Ավետիք Ադամյանը` որպես մեղադրյալ, անցնում է քրեական գործով: Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 7 այլ անձանց գործով դատաքննությունը: Համաձայն քրեական գործի` բնությանը, այսինքն` պետությանը, պատճառվել է ավելի քան 400 միլիոն դրամի վնաս: Ըստ մեղադրական եզրակացության` Ավետիք Ադամյանը, 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամակահատվածում Բնապահպանության նախարարության
բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելով, դրդել է պաշտոնական կեղծիք կատարել` ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազեցնելով:
Համաձայն առաջադրված մեղադրանքի` Ա. Ադամյանը անտառային ֆոնդի տարածքից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը ապօրինաբար անտառից դուրս բերելու թույլտվության համար Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Սասուն Հայրապետյանից ստացել է կաշառք` վերջինիս ունեցած պարտքը չվճարելու ձեւով:
Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով: 2017թ․ դեկտեմբերի 30-ին սահմանամերձ Չինարի գյուղում հրդեհի հետեւանքով այրվեցին չինարեցուն պատկանող խանութները, սակայն ոչ մի փոխհատուցում չեղավ: Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Մովսես գյուղում հրդեհից ոչնչացել է շուրջ 4500 քառակուսի մետր մակերեսով խաղողի այգի, այդ այգու 3 տերերից յուրաքանչյուրին պետական բյուջեից տրվել է չնչին գումար` մի քանի հազար դրամ: Այս տարի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում անհայտ հիվանդությունից մի քանի հարյուր խոզ է սատկել, սակայն դրանց տերերին պետբյուջեից դրամական փոխհատուցում կամ աջակցություն չի տրվել:
Չինչին գյուղը, ուր այրվել է նշված անասնաֆերման, Բերդի սահմանագոտում չէ, Ավետիք Ադամյանն էլ սոցիալապես անապահով չէ: Տավուշի մարզի սահմանագոտում բնական աղետներից, այլ պատահարներից շատ տուժողներ, մեծ վնասներ են եղել, սակայն շատ դեպքերում փոխհատուցում չի եղել: Ու Տավուշի մարզի բնակիչները հիմա հարցնում են` ուր է արդարության սկզբունքը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ