Որ ՀԿ-ներն են աջակցում ԵԿՄ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 7-ին Երեւանում տեղի է ունեցել Երկրապահ կամավորականների միության 12-րդ արտահերթ համագումարը: Նիստի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԵԿՄ վարչության նախագահ է ընտրվել Սասուն Միքայելյանը:

Նիստին նախ հաստատվել է ԵԿՄ 12-րդ համագումարի օրակարգը` ԵԿՄ գործունեության մասին. ընտրել ԵԿՄ վարչություն եւ վարչության նախագահ, ընտրել ԵԿՄ վերստուգիչ հանձնաժողով, ավարտին ներկայացնել համագումարի հայտարարությունը: Ներկայացվել է նաեւ, որ 2018թ.-ից ԵԿՄ-ն հայտնվել է փակուղային իրավիճակում, եւ դուրս գալու համար հրավիրվել են ընդլայնված նիստեր, նաեւ արտահերթ համագումար:

Այս ընթացքում ԵԿՄ-ի շուրջ են համախմբվել «Աշխարհազորային եւ կամավորական ջոկատներ» ՀԿ-ն, «Արաբո» հայրենասիրական ՀԿ-ն, «Սեւ հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ-ն, «Հայդուկ» հայրենասիրական ՀԿ-ն, «Հայկական լեգեոն հայրենասիրական միություն» ՀԿ-ն, «Տիգրան Մեծ» ՀԿ-ն: Շուրջ 500 անհատական դիմումներ են ստացվել, նաեւ Աֆղանստանի եւ ապրիլյան պատերազմի մասնակիցների միությունները պատրաստակամություն են հայտնել համագործակցել ԵԿՄ շրջանակում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ԵԿՄ-ի ու նախորդ տարի այդ կառույցի շուրջ տեղի ունեցածի մասին խոսելիս ուշագրավ դիտարկում է արել. «Ցավոք, Արցախյան ազատամարտի խաղաղության զինադադարի կնքումից հետո մենք մեր հանրության որոշ հատվածներում ականատեսը եղանք մի երեւույթի, որը, կարծես թե, միտում ուներ մեկնաբանելու, թե հայրենիքի առաջ հերոսություն գործած մարդիկ արտոնություններ են ստանում ՀՀ այլ քաղաքացիների նկատմամբ իրավունքների եւ պարտականությունների առումով:

Սա իրավիճակի թյուրըմբռնում էր, որովհետեւ, այո՛, այս հաղթանակը կերտվել է մեր ազատամարտիկների կյանքի, արյան, առողջության գնով, բայց այդ հաղթանակն անհնար կլիներ առանց թիկունքում միասնական եւ վճռական ժողովուրդ ու պետություն ունենալու: Հետեւաբար, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պիտի իրեն այդ հաղթանակի լիարժեք սեփականատերը զգա, եւ դա է այդ հաղթանակը պահպանելու եւ զարգացնելու միակ ճանապարհը եւ հնարավորությունը»:

ՆՅՈՒԹԸ` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ




Լրահոս