Կառավարության անակնկալ պաշտոնանկությունների հետքերով. Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է լսել արդարացողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի օր է`ակտիվ քննարկվում է ապրիլի 2-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անակնկալ որոշումը` վարչապետի աշխատակազմից 3 հոգի ազատելու մասին: Հիշեցնենք, որ աշխատանքից ազատվել է վարչապետի աշխատակազմի` արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը, վարչապետի աշխատակազմի` Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը: Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, որ կադրային փոփոխությունների պատճառը ՀՀ վարչապետի հանձնարարությունները չկատարելն է։ «Բոլոր 3 դեպքերում էլ պաշտոնանկության պատճառը վարչապետի հանձնարարականը ոչ պատշաճ կատարելն է»,-ասել է Կարապետյանը առանց մանրամասնելու, թե ինչ հանձնարարականների մասին է խոսքը։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձա, թե իրականում ինչու է նման բան կատարվել: Ըստ մեր տեղեկությունների` խնդիրը կապված է երեկ Ազգային ժողով բերված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների հետ: Նշենք, որ, ըստ այդ օրենքի, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` որպես ինքնավար մարմնի կազմը ձեւավորվում է հետեւյալ կերպ. հանրապետության նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ԱԺ-ն վարչապետի առաջարկությամբ, սույն օրենքում սահմանված կարգով` նշանակվում են հանձնաժողովի նապագահ եւ 6 անդամներ:

Հանրապետության նախագահը իր պաշտոնը ստանձնել է 2018 թվականի ապրիլի 9-ին, հետեւաբար` այդ ժամկետը վրա է հասնում 2019 թվականի ապրլի 9-ին, եւ, ըստ էության, այս դրույթը չի իրականացվել: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը երեկ Ազգային Ժողովում ասաց, որ սա կապված է նրա հետ, որ Ազգային Ժողով է լուծարվել, ձեւավորվել է կառավարություն, եւ գործադիր իշխանությունը հնարավարություն չի ունեցել ներկայացնելու սրանք:

«Միեւնույն ժամանակ գործադիր իշխանությունը այս իրավակարգավորման մեջ տեսել է խնդիրներ, եւ կան տարակարծություններ: Տարբեր իրավաբանների կողմից կան իրարամերժ խնդրահարույց ձեւակերպումներ եւ դիրքորոշումներ»,- ասաց Զեյնալյանը:
Սակայն նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խնդիրը իրականում կապված է միայն նրա հետ, որ կառավարության աշխատակազմը թերացել է եւ չի կատարել իր վրա դրված հանձարարությունը` խախտելով ժամկետները:

Վարչապետը պետք է աշխատանքից ազատեր Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, քանի որ վերջինիս պաշտոնավարման ժամկետը լրացել է: Բացի այդ, նախորդ տարվա հուլիսին էլ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն էր վայր դրել լիազորությունները, ու նրա փոխարեն նոր մարդ պետք է նշանակվեր, սակայն խնդիր է առաջացել, որովհետեւ աշխատակազմը չի հասցրել իր վրա դրված գործը կատարել պատշաճ ժամկետներում: Նիկոլ Փաշինյանն էլ իմացել է տեղի ունեցածի մասին եւ 3 հոգու ազատել պաշտոնից:

Ուշագրավն այն է, որ խնդրի հիմնական պատասխանատուն վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն է: Ի վերջո, նման հարցերը նախեւառաջ հենց այդ պաշտոնյայի իրավասության շրջանակներում են, սակայն, ինչպես տեսնում ենք, վերջինս շարունակում է պաշտոնավարել: Ավելին` ըստ մեզ հասած տեղեկությունների` վարչապետի աշխատակազմի Կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտ Ազարյանը այս հարցով դիմել է վարչապետին, փորձել միջնորդել` ասելով, որ խնդիրը տեխնիկական է, սակայն վարչապետը չի լսել նրան եւ ազատել է պաշտոնից:

Հարկ է նշել, որ այս հարցում վարչապետին ամենեւին էլ պետք չէ մեղադրել, քանի որ վերջինիս պարտականությունների մեջ չի մտնում նման նեղ հարցերով զբաղվելը: Ի վերջո, վարչապետը մեր երկրում միանգամայն այլ լիազորություններ ու պարտականություններ ունի, եւ նման տեխնիկական հարցերը կոնկրետ պաշտոնյաների իրավասության դաշտում են: Բայց, արի ուտես, մի շարք պաշտոնյաներ, կարծես թե, ուղղակի իրենց տեղում չեն եւ մոռացել են իրենց գործառույթների մասին, վարչապետն էլ ստիպված իր վրա է վերցրել նման մանր-մունր գործերը, եւ հենց դրա պատճառով էլ իրավիճակը նման ընթացք է ստացել:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց Ալեքսանդր Մխիթարյանին։
«Ավելացնելու բան չկա, ամեն ինչ արդեն պարզաբանված է»,-ասաց Մխիթարյանը։ Խնդրեցինք մեկնաբանել մեր ունեցած տեղեկությունները, սակայն Մխիթարյանի կողմից որեւէ արձագանք չեղավ։ Մեր հարցերին չպատասխանեց նաեւ Մարգարիտ Ազարյանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս