«Ժողովուրդ» օրաթերթին են դիմել ոստիկանության մի խումբ աշխատողներ, որոնք պնդում են՝ այս տարվա սոցփաթեթի իրենց հասանելիք գումարը չեն ստացել, մինչդեռ անցած տարի այդ գումարը փոխանցվել է փետրվարին: Խոսքը պետության կողմից տրամադրվող սոցիալական փաթեթի ծառայության 132 հազար դրամի գումարի մասին է։
Այս խնդրի առնչությամբ դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հորդորեցին դիմել իրենց գործատուներին՝ հասկանալու համար, թե ինչու է ուշացել վճարումը. «Մարտի 7-ին կառավարությունը որոշում է կայացրել, ինչից հետո նոր գումարները փոխանցվել են։ Ձգձգվել է այդ գործընթացը։ Անցած տարի փետրվարին փոխանցված էր լինում, որովհետեւ որոշումը կայացված էր լինում։ Այս տարի ուշ է կայացվել այդ որոշումը»։
Իսկ, ահա, ՀՀ ոստիկանությունից հայտնեցին հետեւյալը. «Այս ապիրիլի 1-ից մինչեւ 8-ը ընկած ժամանակահատվածում ապահովվել է ըստ առանձին կառուցվածքային ստորաբաժանումների համապատասխան ծախսերի նախահաշիվների կազմման, ստուգման, հաստատման, էլեկտրոնային վճարային համակարգ մուտքագրման, պարտավորությունների ձեւավորման, այլ նախապատրաստական աշխատանքների կատարումը եւ ապրիլի 8-ի դրությամբ՝ 1-ին եռամսյակի 83.7% վճարումների իրականացումը։ Մինչեւ ընթացիկ շաբաթվա ավարտը 100%-ով կապահովվեն առաջին եռամսյակի վճարումները, եւ տվյալ ծրագրային հատկացումների կատարման գործընթացը կմտնի բնականոն ընթացքի մեջ»: