Մեկ տարի առաջ` այս օրը, ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ ՀՀ նախագահի պաշտոնը (նոր Սահմանադրությամբ` սիմվոլիկ պաշտոնը) ստանձնեց Արմեն Սարգսյանը: Միայն թե հետաքրքիր է փաստը, որ ՀՀ Սահմանադրությամբ պետության գլուխը համարվող պաշտոնյայի պաշտոնավարման մեկ տարին այդպես էլ չի նշվում. այդ օրը մի տեսակ աննկատ անցավ, իսկ ինքը՝ Սարգսյանն էլ ՀՀ-ում չէ. աշխատանքային այցով մեկնել է երկրից:
Սարգսյանի խորհրդական Թեւան Պողոսյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե, ի վերջո, ինչ կարողացավ Հայաստանի համար անել Արմեն Սարգսյանը: Թ. Պողոսյանն ասաց, որ այժմ էլ նախագահը աշխատանքային գործուղման է, ինչն էլ նշանակում է, որ նախագահը աշխատում է:
«Ինչ արել է նախագահը, դա եղել է հանրային. արվածի մասին միշտ էլ տեղեկատվություն տրամադրվել է` օգտագործելով նաեւ սոցիալական ցանցերի բոլոր հնարավորությունները, արել է իր բոլոր պարտականությունների կատարումը, ինչը լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ»,-հայտարարեց Թ. Պողոսյանը:
Արմեն Սարգսյանի խորհրդականի կարծիքով` նախագահը աշխարհով մեկ ներկայացրել է Հայաստանը: Հարցին, որ մշտապես նշվել է, թե Արմեն Սարգսյանը ՀՀ իշխանություններից անկախ քաղաքականություն է վարում իր նախագահության ողջ ժամանակահատվածում, Թ. Պողոսյանն ասաց, որ համամիտ չէ այդ տեսակետի հետ: «Արվում է այն, ինչ Սահմանադրությամբ լիազորություն է տրված:
Ինքնուրույն քաղաքականություն չկա. այն, ինչ նախագահի լիազորությունն է, արվել է դա: Առաջնորդվել է այդ լիազորություններով, որը բխում է Հայաստանի շահերից: Ինքը որեւէ քաղաքական կուսակցության ուղղվածություն չունի, իսկ ինչը արվում է, արվում է իր լիազորությունների շրջանակում»,-նշեց Թեւան Պողոսյանը:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ