Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարտի 30-ին Երեւանում կայացած «Տավուշ» հայրենակցական միության համագումարում հայտարարել է, որ մեր հայրենակից հազարավոր ընտանիքներ ապրում են Ռուսաստանի տարբեր գյուղերում, որոնց երեխաներն այլեւս հայերեն չեն խոսում, թոռներն այլեւս հայերեն չեն գրում. սա ողբեգություն է, ոչինչ չի խնայվելու այդ մարդկանց Հայաստան վերադարձնելու համար: Նա հայտարարել է, որ պետք է Հայաստան վերադարձնել այն հայրենակիցներին, որոնք այնքան էլ չեն ամրապնդվել արտերկրում, ոչինչ չի խնայվելու այդ մարդկանց վերադարձի համար. դա Տավուշի մարզի եւ Տավուշի մարզպետարանի առաջնահերթ խնդիրն է:
Մարզպետը նշել է հայրենադարձության առաջին ծրագրի մասին, որն առնչվում է Կրասնոդարից 200-250 կմ հեռավորությամբ գտնվող մի գյուղի, ուր բնակվում են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի գյուղից 530 մարդ: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Չոբանյանն ասաց, որ այդ ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել են համապատասխան ենթակառուցվածքներ:
«Հեռանկար» հաղորդման ընթացքում մարզպետ Հ․ Չոբանյանը նաեւ հայտարարեց, որ Տավուշում զբոսաշրջության գարգացմանը կարող է նպաստել կլիմայական տարբեր գոտիների առկայությունը: Նա ասաց. «Մենք ունենք մերձարեւադարձային զոնա, որտեղ որ աճում է զեյթուն. նույնիսկ Իջեւանում աճեցնում են հիմա կիվի, բանան, եւ դա մասսայական բնույթ է կրում»:
Մարզպետի նախաձեռնած հայրենադարձության ծրագիրը եւ Իջեւանում զանգվածաբար բանան ու կիվի աճեցնելու խոսքերը քննարկման թեմա են դարձել: ՈՒ հիմա քաղաքացիները պնդում են, որ Չինարին որքան էլ դրախտային վայր է, նույնքան էլ դժվար հասանելի է ու վտանգավոր:
Ըստ այդմ, մարդիկ թերահավատությամբ են ընդունում արտագաղթած հայրենակիցներին վերադարձնելու ծրագրի հավանականությունը: Իջեւանում զանգվածաբար բանան ու կիվի աճեցնելու վերաբերյալ տեղի բնակիչնեը նշում են` մի քանի հոգի զբաղվում է այդ գործով, սակայն բանանի բերքը սովորական պայմաններում չի հասունանում, ջերմոցային պայմաններում է հասունանում, հետեւաբար` այդ ամենը կազմակերպելը հեշտ չէ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ