Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի մարտի 6-ի որոշմամբ` 40 հազար դրամի վարչական տուգանքի է ենթարկվել Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանը: Բայց ուշագրավն այն է, որ տեսչական մարմնի ղեկավարը տուգանել է Է. Մարտիրոսյանին այն դեպքում, երբ վերջինս Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի՝ դեռեւս հունվարի 11-ի հրամանով ազատված է եղել աշխատանքից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տեսչական մարմինը հունվարի 21-ին վարույթ է հարուցել` ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղից հունվարի 17-ին տրված տեղեկության հիման վրա: Իսկ երկու օր անց տեսչական մարմինը մանկապարտեզում ստուգումներ է իրականացրել: Պարզվել է, որ նախադպրոցական կազմակերպության շենքն ապահովված չէ կենտրոնացված ջեռուցման համակարգով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մանկապարտեզի կրտսեր Ա խմբում եւ կրտսեր Բ խմբում օդի ջեմաստիճանը եղել է 15 աստիճան ցելսիուսի, միջին Ա խմբում` 17 աստիճան ցելսիուս, եւ ավագ Ա խմբում` 14 աստիճան ցելսիուս: Այս դեպքում խախտվել են առողջապահության նախարարի 2002 թ. դեկտեմբերի 20-ի համար 857 հրամանով հաստատված «Նախադպրոցական կազմակերպությունների» սանիտարական կանոնների եւ նորմերի սահմանված պահանջները: Եւ, ահա, փետրվարի 22-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որը գործի քննության ծանուցման հետ միասին ուղարկվել է Իջեւանի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Էլմիրա Մարտիրոսյանին:
Ըստ տեսչական մարմնի` Մարտիրոսյանին գործի քննության տեղի եւ ժամանակի մասին պատշաճ կարգով ծանուցվել է, բայց տեսչական մարմնում մարտի 6-ին կայացած վարչական իրավախախտման գործի քննությանը Մարտիրոսյանը չի ներկայացել: Այսպես, վարչական մարմինը գտել է, որ Է. Մարտիրոսյանի կողմից իրավախախտումը կատարվել է անզգուշությամբ, բայց, այնուամենայնիվ, որոշվել է Է. Մարտիրոսյանին սանիտարական նորմերի պահանջները խախտելու համար ենթարկել վարչական տույժի` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկի չափով` 40 հազար դրամ: Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Է. Մարտիրոսյանի հետ, սակայն վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Անպատասխան մնացին նաեւ մանկապարտեզ կատարած մեր հեռախոսազանգերը, իսկ մանկապարտեզի աշխատակազմի ղեկավար Բորիս Թանանյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել: Տեղեկացնենք, որ Իջեւանի ավագանին, քաղաքապետ Վ. Ղալումյանի նախաձեռնությամբ, հունվարի 11-ին որոշել է աշխատանքից ազատել թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Է. Մարտիրոսյանին: Ըստ քաղաքապետարանի` Մարտիրոսյանն, իբր, պատշաճ ձեւով չի իրականացրել աշխատանքային պարտականությունները: Ի դեպ, նույն օրը` ավագանու նիստից հետո, քաղաքապետ Ղալումյանը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի կնոջը` Էլմիրա Խաչատրյանին, որը մանկապարտեզի փոխտնօրենն էր:
Սյունէ Համբարձումյան