Նիկոլ Փաշինյանի՝ ԵԽԽՎ այցին ընդառաջ․ այսօր ելույթ է ունեցել Վրաստանի վարչապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում վաղը ապրիլի 11-ին ելույթ կունենա, այնուհետեվ վեհաժողովականների հարցերին կպատասխանի Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են բարձրաստիճան հանդիպումներ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ։ Եվրոպական պալատում հարց ու պատասխանից հետո վարչապետ Փաշինյանը վեհաժողովի նախասրահում պաշտոնապես կբացի «Հայաստանի Թավշյա հեղափոխությունը» խորագրով ցուցահանդեսը` նվիրված հեղափոխության առաջին տարեդարձին:

Մինչ այդ այսօր ԵԽԽՎ է ժամանել Վրաստանի վարչապետը: Մինչև Մամուկա Բախտաձեի ելույթը վեհաժողովականները վրացական երգն ունկնդրեցին, որը ինչպես հետո ելույթի սկզբում Մամուկա Բախտաձեն ասաց, վրացական բնավորության` միասնական հանդես գալու արտահայտումն էր:

Ընդգծելով, որ Վրաստանը ժողովրդավարացման կարեվոր ճանապարհ է անցել ԵԽԽՎ նախագահը խոսքը փոխանցեց Բախտաձեին: Վրաստանի վարչապետը երկար խոսեց իր երկրի զարգացման ճանապարհի ձեռքբերումների, ծավալուն ռեֆորմների մասին: Պատասխանեց վեհաժողովականների հարցերին: Բարձրաստիճան հանդիպումներից հետո Վրաստանի վարչապետը Եխ գլխավոր քարտուղարի հետ հայտարարություն արեցին:

Ընդգծելով, որ նոյեմբերին Վրաստանը ստանձնում է ԵԽ Նախարարների խորհրդի նախագահությունը, Թյորբորն Յագլանդը կարևորեց հատկապես Վրաստանում սահմանադրական փոփոխությունների ընթացիկ աշխատանքը: Եվրոպայի խորհրդի համար հոբելյանական 70-ամյակի տարում լրանում է Վրաստանի` կառույցին անդամակցության 20 տարին: Սա հիշեցնելով, Բախտաձեն կարևոր հանգրվան համարեց Վրաստանի գալիք նախագահությունը Նախարարների խորհրդում: Անդրադառնալով, Վրաստանի, իր խոսքով «օկուպացված տարածքներին», Բախտաձեն ասաց այդ տարածքներում լուրջ խնդիր է դարձել Վրաստանի քաղաքացիների անվտանգությունը։ Նա կարևորեց տեղում անվտանգության ապահովման միջազգային միջոցների ապահովումը:

Սիրանույշ Մուրադյան

Ստրասբուրգ




Լրահոս