«ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դիտմամբ վնասել է վագոն-տնակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 19-ին սկսվել, այժմ ընթանում է Դիլիջան համայնքի մաս կազմող Թեղուտ գյուղի բնակիչ Դավիթ Ղամբարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող վագոն-տնակին դիտավորությամբ հարվածելու եւ վնասելու համար:

Դրա հետեւանքով այդ կազմակերպությանը պատճառվել է խոշոր չափերի` 580 հազար դրամի վնաս: Դ․ Ղամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերով վնաս է պատճառել»): Սույն քրեական հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում` առավելագույնը 4 տարի ժամկետով: Դ․ Ղամբարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սա առաջին դեպքը չէ, երբ անտառհատումներով զբաղվողները դիտավորյալ վնասում են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կամ դրա անտառների պահպանությունն իրականացնող պահնորդական ընկերության գույքը:




Լրահոս