«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահանջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին: Նշել էինք, որ վարչապետը հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մասին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ պարզելու համար` արդյոք պատրաստ է իր ղեկավարած գերատեսչությունը վարչապետին ներկայացնել իրենց կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն:
-Պարո՛ն Ցոլակյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է հաշվետվություն ներկայացնել Ձեր գերատեսչությունում կատարված մեկ տարվա աշխատանքների մասին: Պարոն վարչապետը պահանջել է ներկայացնել իրական կատարված աշխատանքները, եւ ոչ թե միայն դրանք գրված լինեն թղթի վրա: Դուք պատրաստվե՞լ եք, արդեն պատրա՞ստ է հաշվետվությունը:
-Հաշվետվությունը դեռեւս պատրաստ չի, բայց պատրաստվում է. աշխատանքներն ընթանում են: Եթե կարճ, մի քանի բառով ասեմ, ապա արդեն պատրաստվում են իրավական բոլոր փաստաթղթերը` կառավարության կառուցվածքի փոփոխության հետ կապված, որը տեղի է ունենալու մեզ մոտ` նախարարությունում` ՊՈԱԿ-ների կարգավիճակի հետ կապված եւ մյուս, մյուս հարցերի հետ կապված: Մյուս հարցը վերաբերվում է մեր առօրյա աշխատանքներին, քանի որ մենք ունենք ամենօրյա աշխատանք: Մերը չի կարելի համեմատության մեջ դնել մեկ այլ կառույցի աշխատանքի հետ, որովհետեւ մեր աշխատանքը բնակիչների, հասարակության հետ է կապված: Մենք ամենօրյա աշխատանքի կազմակերպման խնդիր ունենք, ու մենք մեր բոլոր աշխատանքները պլանավորում ու կատարում ենք ամենօրյա ռեժիմով:
Դեռեւս այսքանը ասեմ: Բայց մենք շատ աշխատանքներ ենք իրականացնում, որի մասին մենք կներկայացնենք առաջիկայում: Բնական է, որ մենք կներկայացնենք այն աշխատանքները, որն իրականացրել ենք:
-Դուք նախորդ իշխանությունների ժամանակ եւս պաշտոնավարում էիք, հեղափոխությունից հետո եւս պաշտոն եք զբաղեցնում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հե՞շտ է աշխատելը, քանի որ վերջին ժամանակներս ցույց են տալիս, որ վարչապետը չի հանդուրժում «չաշխատողներին» ու միանգամից ազատում է աշխատանքից: Ձեզ դա սպառնո՞ւմ է:
-Պարոն Փաշինյանի հետ աշխատելը հեշտ է: Շատ լավ է, որ մարդուն ազատում է, եթե չի աշխատում, իր գործը չի անում, շատ լավ է. եթե պատճառ կա, ուրեմն պետք է ազատվեն:
-Իսկ, ըստ Ձեզ, Նիկոլ Փաշինյանը գո՞հ է Ձեր կատարած աշխատանքից, Ձեզ չի՞ սպառնում աշխատանքից ազատումը:
-Մինչեւ ինձ աշխատանքից դուրս հանելը ես եմ աշխատանքից դուրս գալիս: Եթե ես տեսնում եմ, որ աշխատանքումս թերանում եմ, ապա ես եմ գործից դուրս գալիս. ես նման խասյաթ ունեմ. թողում եմ ու գործից դուրս եմ գալիս:
-Բայց հիմա Դուք գո՞հ եք Ձեր կատարած աշխատանքից:
-Չեմ կարող ասել. այդ հարցն արդեն ուղղե՛ք իրեն, իրենից իմացեք իմ աշխատանքի լավ, վատ լինելու մասին: Ես որեւէ բան չեմ կարող ասել:
-Դուք ասացիք, որ ինքնակամ դուրս եք գալիս, եթե թերանում եք. հիմա թերացե՞լ եք:
-Հլը դրան չի հասել:
-Իսկ նախարարությունում շա՞տ գործ կա անելու, քանի որ մշտապես նշվել է, որ նախկին նախարարները լավ «ժառանգություն» են թողել: ԱԻՆ-ն այսօր կայացած նախարարություն է, այնտեղ գրեթե գործ չկա անելու: Դժգո՞հ եք նախկին նախարարների կատարած աշխատանքներից:
-Արտակարգ իրավիճակների նախարարությունում շատ աշխատանք է կատարվել. վաղամեռիկ Արմեն Երիցյանը մեծ աշխատանք է կատարել նախարարության համար, կայացման գործում մեծ դերակատարում է ունեցել Երիցյանի աշխատանքը: Բայց առաջիկայում մենք ներկայացնելու ենք կառուցվածքային փոփոխություն, որի ժամանակ էլ Դուք կտեսնեք, թե ինչ ենք պատրաստվում փոխել նախարարությունում:
Կառույցի աշխատանքների գնահատման տեսանկյունից շատ բան է փոխվելու. առաջիկայում դրա մասին կխոսենք, կներկայացնենք` ինչ ենք անելու:
-Մշտապես նշվել է, որ ճիշտ կլինի Արտակարգ իրավիճակների նախարարությունը միավորել որեւէ ուժային կառույցի. Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
-Ես քանի որ այժմ արտակարգ իրավիճակների նախարարն եմ, ես չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որովհետեւ ինչ էլ պատասխանեմ, մի ձեւ կմեկնաբանվի, քննարկման թեմա կդառնա: Եթե ասեմ` այո, էլի մի բան կասեն, եթե ասեմ` ոչ, այդ դեպքում էլ մի այլ բան կասեն, կմեկնաբանեն: Դրա համար ես ձեռնպահ կմնամ որեւէ բան մեկնաբանելուց, թողեք թող այդ ամենը գնա իր հունով:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ