«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով որոշումներ է հրապարակել։ Մասնավորապես, տեղեկացանք, որ խոսքը վերաբերում է «Ամրահովը` ընդդեմ Հայաստանի» եւ «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» բողոքների վերաբերյալ որոշումներին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի:
Քանի՞ գործ է եղել
Ինչպես հայտնի է, իրավաբան-իրավապաշտպանների խումբը Մարդու իրավունքների եվրոպական դատարան էր ներկայացրել 2016 թվականի ապրիլի 2-5-ը` ղարաբաղաադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սկսված մարտական գործողությունների ընթացքում, ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների իրավունքների խախտումների առնչությամբ մի շարք գանգատներ:
Այդ գանգատները ներկայացվել են ԼՂՀ պաշտպանության բանակի 22 զինծառայողների ընտանիքի անդամների անունից (62 դիմումատուներ), 02.04.2016թ Թալիշ գյուղում իրենց տանը սպանված Խալափյան ընտանիքի տարեց երեք անդամների մերձավոր ազգականների անունից (3 դիմումատուներ), 02.05.2016թ մարտական գործողությունների հետեւանքով տուժած եւ պոտենցիալ տուժող հանդիսացող 693 քաղաքացիական անձանց անունից (Թալիշ գյուղից՝ 133, Մատաղիս գյուղից՝ 133, Մարտակերտ քաղաքից՝ 132, Ճարտար քաղաքի Ներքին Ճարտար թաղամասից՝ 229, Մարտունի քաղաքից՝ 13 եւ Ասկերանի շրջանի բնակավայրերից՝ 37 անձ), 3 գանգատ ներկայացվել է չորսական անչափահասների անունից (զոհված աշակերտ եւ այլոք)՝ Ճարտար, Մատաղիս եւ Թալիշ բնակավայրերից, եւ Հայ Առաքելյայց Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի անունից՝ Թալիշ գյուղի եկեղեցու մատուռի հրետակոծման համար:
Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 700 դիմումի մասին է, բայց, փաստորեն, Հայաստանի կողմից ներրկայացված դիմումներից «Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» գործը համարվել է անընդունելի, այլ կերպ ասած` մերժվել է։
Նախարարի մեկնաբանությունը
Այս գործի մերժման եւ այլ գործերի ընթացքի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։
-Պարո՛ն Զեյնալյան, 2016 թվականի դեպքերի առնչությամբ, որպես իրավապաշտպան, դիմումներ եք ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս առնչությամբ ի՞նչ արդյունքներ կան։
-Ես հիմա հանդես եմ գալիս որպես արդարադատության նախարար, եւ իմ կողմից Եվրոպական դատարան դիմում է ներկայացվել առ այն, որ իմ՝ արդարադատության նախարար նշանակվելու փաստով պայմանավորված` ես այլեւս չեմ կարող այդ գործերը ներկայացնել Եվրոպական դատարանում։ Այդ խմբի մյուս անդամներն են այլեւս գործերը ներկայացնելու Եվրոպական դատարանում։
-Իսկ հետաքրքրվե՞լ եք՝ ինչ գործընթաց է տիրում այդ գործերի առումով։
-Մի գործով՝ Մարտակերտի բնակչի գործով, Եվրոպական դատարանը որոշում է կայացրել՝ անընդունելի ճանաչելու վերաբերյալ։ Անընդունելի է ճանաչել գանգատը։ Նաեւ Ադրբեջանի քաղաքացիների կողմից Հայաստանի դեմ ներկայացված գանգատով է ճանաչել այդպիսի զուգահեռ հայելային որոշում, անընդունելի ճանաչելու վերաբերյալ եւ դրանով մի շարք հստակեցումներ է մտցրել՝ ապացույցների շեմի մասով։
-Անընդունելի ասելով` նկատի ունեք, որ դիմումը մերժվե՞լ է։
-Այդքան պարզունակ չէ. ասել` մերժել է այդ հայցը։ Այն չի ընդունել քննության։ Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը եւ տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ. արդեն ասեցի, թե ինչի վերաբերյալ։ Այսքանը կարող եմ ասել դրա վերաբերյալ, իսկ մյուս գործերով, որոնցով Հայաստանը ներգրավված է` որպես երրորդ կողմ, դրանք, կարծես թե, ավարտվել են, փոխադարձ նամակագրություններն ավարտվել են, եւ սպասվում է հաջորդ փուլ՝ վճիռների կայացում։
-Բայց տեղեկություններ են շրջանառվում, թե վճիռներն արդեն կայացվել են, եւ հայկական կողմը մերժում է ստացել։ Այդ մասով ի՞նչ կարող եք ասել։
-Ես արդեն այդ հարցին պատասխանեցի։ Ի՞նչ մերժման մասին է խոսքը․«Խուդունցը` ընդդեմ Ադրբեջանի» գործի մասին է խոսքը, եւ ասացի, որ երկու այդպիսի վճիռ կա, եւ զուգահեռաբար մերժվել է նաեւ Ադրբեջանի քաղաքացու դիմումը` ընդդեմ ՀՀ-ի։ Սրա մասին է խոսքը եւ վերջ։
-Ապացույցներ եւ հիմնավորումներ ներկայացվե՞լ են ՄԻԵԴ։ Ինչո՞ւ, ի վերջո, այդ դիմումն անընդունելի ճանաչվեց։
-Խոսքը սեփականության իրավունքի ապացույցին է վերաբերում։ Ապացուցողական բազան, ինչը որ ներկայացվել է, ընդհանուր առմամբ, խմբի համոզմամբ, եղել է բավարար։ Եվրոպական դատարանը ստանդարտ, չափանիշ է սահմանել կամ բացառել է որոշակի ապացուցողական շեմ ունեցող ապացույցների ընդունումը, մասնավորապես` սեփականության իրավունքի մասով։
-Եթե մենք ՄԻԵԴ-ում Արցախի կամ ՀՀ զինվորների իրավունքները չենք կարողանում պաշտպանել, հիմնավորումներ գտնել, ինչպե՞ս է Հայաստանում արդարադատություն վերականգնվելու։
-Շատ կոպիտ տվեցիք հարցը։ Սա ոչ թե վերաբերում էր խոշտանգումներին, այլ սեփականության իրավունքի միջամտությանը, անձնական կյանքի, հարգանքի իրավունքի միջամտությանը, եւ Եվրոպական դատարանում վեճը պետք է դիտարկել որպես գիտագործնական ոճ, եւ ոչ թե, ասենք, ճակատամարտում հաղթելու կամ պարտվելու։ Պետք է հարգալից վերաբերվել ինչպես այդ անկողմնակալ ատյանի, այլ նաեւ հակառակորդի, մրցակցի նկատմամբ, ով եւս պետք է շանս ունենա հաղթանակի։ Մենք այս պայմաններում մղված պայքարն ենք համարում արժանապատիվ։
Մանրամասները՝ տեսանյութում: