Հայաստանի կառավարությունը առաջիկայում Արդարադատության նախարարությանը կհատկացնի 77 հազար 900 եվրոյին համարժեք դրամ:
Նշված գումարը ԱՆ-ն կտրամադրի մի քանի գործերի` ՄԻԵԴ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Օրինակ` «Ալիխանյանը եւ Մելիքսեթյանը` ընդդեմ Հայաստանի» գործով վճարը կազմում է 10 հազար 800 եվրո, «Փարսադանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է վճարել 8600 եվրո, «Վարդանյանը եւ Հախվերդյանը` ընդդեմ Հայաստանի» գործով վճարը 14 հազար եվրո է, «Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 10 հազար 400 եվրո, «Ավագյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 900 եվրո, «Մաշինյանը եւ Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 14 հազար եվրո, իսկ, ահա, «Մհեր Ալիխանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով` 5 հազար 200 եվրո:
Նշենք, որ այս դիմումատուները Թեղուտ եւ Շնող գյուղերի բնակիչներ են: Նրանք այս գյուղերում գտնվող վարելահողերի սեփականատերեր են եղել, որոնք հասարակության եւ պետության կարիքների համար օտարվել են հանքարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով: Նշենք, որ 2007 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ի օգտին պետության կողմից հանրային գերակա շահ ճանաչվեցին եւ օտարվեցին այս եւ այլ գյուղացիների հողատարածքները: Եվրոպական դատարան ներկայացված գանգատներով դիմումատուները պնդել են, որ պետության կարիքների համար օտարվող սեփականությունը հանդիսացել է իրենց եկամտի միակ աղբյուրը, եւ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել:
Օրինակ` «Ռամազյանը` ընդդեմ Հայաստանի» գործով, շնողցի հայր եւ որդի Ժորա եւ Արկադի Ռամազյանների խոսքերով, գերակա հանրային շահի ներքո իրենցից խլել են 6 կտոր հողատարածք առանց պատշաճ փոխհատուցման: ՄԻԵԴ-ն արձանագրել է Կոնվենցիայի 1-րդ հոդվածի խախտում, երբ գյուղացիները չեն կարողացել ապացուցել, որ իրենց հողատարածքների արժեքի ոչ իրավաչափ հաշվարկ է կատարվել` հօգուտ կազմակերպության: Ռամազյանները 106 հազար 182 եվրո փոխհատուցում են պահանջել, բայց ՄԻԵԴ-ը բավարարել է 10 հազար 400 եվրոյի չափով:
«Փարսադանյանները` ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ դիմել են Թեղուտ գյուղի բնակիչներ: Նրանք համատեղ սեփականությամբ ունեցել են 0,430 հա հողատարածք, որը գնահատվել է մոտ 500 եվրո: ՄԻԵԴ-ը նրանց համար փոխհատուցման գումար է սահմանել 8600 եվրո: «Շնողցի Մհեր Ալիխանյանը` ընդդեմ Հայաստանի» գործով ստացվել է 5200 եվրո փոխհատուցում: Նա ունեցել է 0.186 հա հող, որը գնահատվել է 290 եվրո:
Սյունէ Համբարձումյան