«Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատներով եվրոպական պատմության ու արժեքների մեջ»,- հայտարարեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, Ստարսբուրգում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո: Թյորբորն Յագլանդն ասաց Ժողովրդավարական անցման ճանապարհն է կտրել Հայաստանը և ողջունելի է բարեփոխումների ընթացքը: Յագլանդը ընդգծեց` հաստատվել է Եվրոպայի խորհուրդ-Հայաստան 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը:
Հայաստանի վարչապետն ասաց` հեղափոխության ուղին Հայաստանի` եվրոպական երկիր լինելու ապացույցներից էր: Կարևոր էր, որ Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունը ամբողջովին տեղական գաղափար ու քաղաքական գործընթաց էր, ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել մեր քաղաքական գործընթացներում: Վարչապետ Փաշինյանը հաստատեց` ճիշտ է, որ ժողովրդավարությունն ամբողջապես գալիս է մեր ժողովրդի ցանկություններից, և հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդն իր փորձագիտական կարողություններով կշարունակի աջակությունը Հայաստանում բարեփոխումների ընթացքին: Փաշինյան- Յագլանդ ճեպազրույցին ներկա էին նաև ադրբեջանցի լրագրողներ: Նրանցից մեկը հարց ուղղեց` Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» հայտարարության վերաբերյալ: «Դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին»,-մեկնաբանեց ադրբեջանցի լրագրողը:
Վարչապետը պատասխանեց` «Չեմ կարծում, թե հակասություն կա, իրավիճակի մեկնաբանության հարց է: Մեր միակ նպատակն է` դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները, սպառնալիքներով խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի, ԼՂ և Ադրբեջանի միջև: Մեր նպատակն է մեր հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում կհասցեագրեն մեր այս կոչը և երբ դա անեն, մենք կունենանք լրիվ տարբեր իրավիճակ»:
Եվրախորհրդի ներկաայացուցիչների` գորշ գոտիներ այցելելու դիտարկմանը Եխ գլխավոր քարտուղարը պատասխանեց, որ թե′ հանձնաժողովի ներկայացուցիչները, թե′ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենան այցելելու գորշ գոտիներ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Հայաստանի նոր կառավարությունից սպասելիքների մասին խոսելով` Յագլանդն անդրադարձավ տարբեր ոլորտներում Հայաստանի նոր կառավարության օրակարգում ներառված բարեփոխումներին: Փաշինյանն արձագանքեց` «Ավելացնելու բան չունեմ»:
Յագլանդն էլ այստեղ կատակեց` «Փաստորեն ես խոսեցի որպես Հայաստանի կառավարության խոսնակ: Փաշինյանը Յագլանդին հանձնեց Հայաստանում Եվրոպայի հրապարակի անվանակոչման որոշման փաստաթուղթը:
Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ