«Բասկետբոլով շատերն են զբաղվում». ֆեդերացիան գո՞հ է պետության ֆինանսավորումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն զգացվում է, որ Հայաստանում զարգանում է բասկետբոլ մարզաձեւը: Հայաստանում նաեւ բազմազան են այդ սպորտաձեւի հետ կապ ունեցող խնդիրները: Այդ առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի կանանց մինչեւ 18 տարեկանների գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի հետ:

-Հիմա ի՞նչ վիճակում է գտնվում բասկետբոլը Հայաստանում, եւ ի՞նչ նախադրյալներ կան այն զարգացնելու:

-2015 թվականից սկսած, երբ Հայաստանի հավաքականը դուրս եկավ եվրոպական մրցասպարեզ եւ հանդես եկավ C ու B դիվիզիոններում, հոսքը բասկետբոլի դահլիճ չի դադարում:
Հիմա բավական շատ երեխաներ են զբաղվում բասկետբոլով: Անցած տարի մենք անցկացրից նաեւ ռեգուլյար առաջնություն մինչեւ 16 տարեկանների տարիքային խմբում սեփական եւ մրցակցի դաշտ ձեւաչափով, որը արդյունավետ էր եւ արդարեցրեց սպասելիքները:

-Ի՞նչ պայմաններում են մարզվում մեր սպորտսմենները:

-Շատ վատ, ծանր պայմաններում են մարզվում մեր մարզիկները: Սա ունի խորհրդային ավանդույթ, որ դեռ վաղ ժամանակներից խաղային մարզաձեւերը պարապել են հանրակրթական դպրոցների դահլիճներում: Երեւանում ունենք երկու մարզադպրոց, որոնք ունեն իրենց բազաները: Առաջինը Շենգավիթինն է, որի պայմանների մասին խոսելն ուղղակի ավելորդ է, այնտեղ երեխաները ամեն օր վնասվածքներ են ստանում: Իր մարզաբազան ունի նաեւ Արաբկիրի մարզադպրոցը եւ վերջ: Մնացած բոլոր մարզադպրոցները մարզումները անցկացնում են իրենց համայնքների հանրակրթական դպրոցների դահլիճներում: Այսպիսով, կարելի է ասել, որ մարզերում մի փոքր ավելի լավ վիճակում են մարզվելու պայմանները, քան Երեւանում: Խոսքը, իհարկե, վերաբերում է դաշտի չափսերին:

Մեծ խնդիր է նաեւ այն, որ ոչ բոլոր տնօրեններն են համաձայնում իրենց դահլիճը տրամադրել բասկետբոլ մարզաձեւին: Դրա հիմնական պատճառն այն է, որ այս սպորտաձեւով Հայաստանում մարզվելը պետք է լինի անվճար: Վճարովի են միայն կոնկրետ ակումբները:

-Պետության կողմից ֆինանսավորումից գո՞հ եք:

-Անցած տարվա տվյալներով` կասեմ, որ պետության կողմից ֆինանսավորումը կազմում էր 28 մլն դրամ եւ այժմ կարծեմ ավելացել է 10մլն դրամով: Այդ գումարը ընդհանրապես չի բավականացնում, եւ եթե չլինեն հովանավորներ, չգիտեմ, թե ինչպես կկազմապերպենք Եվրոպայի առաջնությունները: Օրինակ` կարող եմ ասել, որ նախանցած տարի 5 տարիքային խմբերի` Եվրոպայի առաջնությունների կազմակերպման համար մեզ ֆինանսավորել են 90 հազար դոլարով:

-Հիմա պետության կողմից ինչպիսի՞ աջակցության կարիք ունեք:

-Պետությունը հիմա զբաղվում է մարզադպրոցների հարցով, սակայն ունենք ավելի լուրջ խնդիր. դա բանակայինների խնդիրն է: Երբ լրանում է 18 տարեկանը, մեր ուժեղ մարզիկները գնում են բանակ եւ դրանից հետո կա՛մ չեն վերադառնում, կա՛մ էլ չեն կարողանում գրանցել լուրջ արդյունքներ: Հիմա մենք ունենք այդպիսի մարզիկներ, որոնք պետք է մասնակցեն առաջնությանը, եւ այդ հարցով դիմելու ենք, որպեսզի գոնե կես տարով նրանց տարկետում տրամադրվի: Դա չափազանց լուրջ խնդիր է, որը ցանկալի է` ստանա իր լուծումը:

-Հիմա ո՞ր բասկետբոլիստների հետ են ընթանում բանակցություններ:

-Քանի որ այս տարի մրցելույթ չունենք, բանակցություններ չկան դեռեւս: Բայց իրականում մարզիչն է որոշողը, եւ ֆեդերացիան չի խառնվում նրա գործերին:

-Ի՞նչ ակնկալիքներ կան առաջիկա մրցելույթներում:

-Ամեն ինչ ժամանակի հարց է: Մենք քիչ-քիչ զարգանում ենք, եւ կասեմ, որ ակնկալիքները վատը չեն կոնկրետ աղջիկների մասով: Ես հանդիսանում եմ մինչեւ 18 տարեկանների մարզիչը եւ կարծում եմ, որ մեդալ կնվաճենք: Ինչ գույն, չեմ կարող ասել: Ունենք ուժեղ կազմ եւ պայքարելու ենք մինչեւ վերջ, բայց ինչ կլինի արդեն մրցումների ժամանակ, չեմ ցանկանա կանխագուշակում անել:

Զրուցեց Էդմոն Մարտիրոսյանը




Լրահոս