Փաշինյանի քեռու տղայի դեմ հարուցված քրեական գործը հասավ քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. ապրիլի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի վարույթ է ընդունվել ինստիտուտի դիպլոմն առերևույթ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:Նախնական տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ «ՊՈԱԿ-ի ինժեները, 2019թ. փետրվար ամսին կադրերի բաժին ներկայացնելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը 1993թ. «գյուղատնտեսության մեքենայացում» մասնագիտությամբ ավարտելու և ինժեներ-մեխանիկի որակավորում ստանալու մասին դիպլոմի պատճեն, նշանակվել է հիշյալ կազմակերպությունում բաժնի պետ-տնօրենի տեղակալի պաշտոնում:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի ինժեների կողմից կադրերի բաժին ներկայացված դիպլոմի՝ առերևույթ կեղծված լինելու մասին:

Դեպքի առթիվ 2019թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:Կատարվում է նախաքննություն:Ըստ տեղեկությունների, մեղադրանքն առաջադրված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու որդու՝ Մամիկոն Նապոլեոնի Հովհաննիսյանի նկատմամբ։

Հովհաննիսյանն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները։Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Փաշինյանը համացանցի իր էջում գրել էր.

«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:

Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»։




Լրահոս