ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, նախկին իշխանություններից հանձնարարական է ստացել սոցիալական ցանցերում ակտիվ խոսել Սերժ Սարգսյանի վերադարձի մասին ու անընդհատ քննադատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահան Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, վերջին ժամանակներս Դուք շատ ակտիվ քարոզում եք Սերժ Սարգսյանի վերադարձը, սոցիալական ցանցերում հայտարարում եք, որ նրա վերադարձը քաղաքականություն այս պահին օրհասական է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում դա, ու ի՞նչ պետք է անի Ս. Սարգսյանը, որ հանրությունը նրան ընդունի:
-Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղեք Սերժ Սարգսյանին: Ես կարող եմ իմ մասով պատասխանել, իսկ ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի վերադարձը եթե ոչ այսօր, ապա մի քանի ամիս հետո ակնհայտ է լինելու, ու գնալով մարդկանց քանակն ավելանում է, ովքեր համաձայն են նման մտքի հետ: Գրեթե մեկ տարի անց արդեն շատերն են հասկանում, որ Սերժ Սարգսյանի վերադարձի կարիքը կա մեծ քաղաքականություն: Ես կողմնակիցն եմ Սերժ Սարգսյանի` քաղաքականություն վերադարձին:
-Բայց ի՞նչն է Ձեզ ոգեւորել Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունում, որ Դուք այդպիսի ցանկություն ունեք:
-Ոգեւորվելու կամ հիասթափվելու հարցեր չկան, մենք էմոցիոնալ դաշտից դուրս պետք է նայենք: Եթե մենք նայում ենք այսօրվա իրականությունը, ապա տեսնում ենք, որ կա հետընթաց եւ ոչ թե առաջընթաց: Իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականը քայլ էր, որպեսզի ցույց տրվեր, որ իրականում Սերժ Սարգսյանը կառչած չի աթոռին եւ ամեն գնով իր աթոռը պահելու խնդիր չունի, այլ, ընդհակառակը, ինքը գնաց ընդառաջ մարդկանց ցանկությանը եւ հրաժարվեց երկրի ղեկավարի պաշտոնից: Սակայն մեկ տարի անց երկրի իշխանությունները բացի նախկին իշխանություններին քննադատելուց որեւէ բարեփոխում չեն իրականացնում` սկսած տնտեսությունից, վերջացրած արտաքին եւ ներքին քաղաքականությունից:
-Իշխանությունները հայտարարում են, որ Ս. Սարգսյանի վերադարձ չի կարող լինել, քանի որ արդեն տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, իշխանափոխությունը կատարվել է, ու դրանք իրատեսական խոսակցություններ չեն: Այդ դեպքում ինչպե՞ս պետք է լինի այդ վերադարձը:
-Շատ լավ հարց եք տալիս: Խնդիրը ինչո՞ւմն է կայանում. եթե Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունենային ոչ դեկտեմբերին, այլ, ասենք, մայիս ամսին, որից օգտվեցին իշխանությունները, քանի որ այդ ժամանակ իրենց վարկանիշը բարձր էր, ես վստահ եմ, որ եթե ընտրությունները լինեն այսօր, ապա Սերժ Սարգսյանի կողմից ղեկավարած բլոկ, դաշինք կամ նույնիսկ ՀՀԿ-ն կհավաքեր այնքան ձայներ, որ այն ժամանակ դժվար կլիներ անգամ պատկերացնելը:
Իսկ ինչպես եմ պատկերացնում, ապա այդ հարցի պատասխանը չեմ կարող Ձեզ ասել, քանի որ դա կախված է ե՛ւ քաղաքական գործընթացից, ե՛ւ մեր ժողովրդի կարծիքից: Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ասելիք ունի, ու մենք բոլորս սպասում ենք նրա ասելիքին, որը ես կարծում եմ` շուտով կլինի:
Գիտե՞ք, պատմությունը կրկնվելու հատկություններ ունի, իսկ որեւէ բան այս երկրում կարծրացած չէ. Նիկոլ Փաշինյանն էլ 7 տոկոս ձայն տարած քաղաքական ուժի ղեկավար էր, որը կարողացավ իշխանափոխություն անել: Այսօր անցել է մեկ տարի, բայց բացի խոստումներից մեր հասարակությունը որեւէ բան չի տեսել իշխանություններից: Իսկ ամենակարեւորն է, որ արդեն էյֆորիան մեր հասարակության մեջ բավականաչափ նահանջել է, իսկ դա փաստ է:
-Մեր տեղեկությունների համաձայն` Դուք նախկին իշխանություններից հանձնարարություն եք ստացել սոցիալական ցանցերում` ֆեյսբուքում, ակտիվ խոսել Ս. Սարգսյանից, նրա կատարած գործերը տարածել ու բարձրաձայնել դրանք:
-Ես կարծում եմ` նման բաները հանձնարարականներով չեն լինում, ես ինքս կուսակցության նախագահ եմ, եւ ինձ որեւէ մեկը չի կարող նման հանձնարարական տալ: Ես եթե ինչ-որ կարծիք եմ հայտնում, այդ թվում` սոցիալական ցանցերում, դա անձնական իմ կարծիքն է. ինձ որեւէ մեկը հանձնարարական տալ չի կարող:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ