Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության եւ, ընդհանրապես, տարածաշրջանի համար կարեւորագույն մարտահրավերը մնալ։ Երեկ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում` այս մասին նշել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում անդրադարձել էր թավշյա հեղափոխությանը, դրանից հետո ունեցած ձեռքբերումներին եւ արցախյան հակամարտությանը։
Հենց արցախյան հակամարտության կարգավորման շուրջ էլ վարչապետը հետաքրքիր եւ թերեւս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ։ Նա իր խոսքում նշեց, որ ԵԽԽՎ հարթակը խաղաղության է միտված, եւ հավելեց․ «Չեմ կարող չնկատել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի հետ առնչվող այն քննարկումները, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցան 2016 թվականի հունվարին, նույն թվականի ապրիլին բռնկված չորսօրյա պատերազմի նախերգանքը դարձան եւ բարենպաստ հող ստեղծեցին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հարձակողական գործողություններ սկսելու համար: Չեմ ուզում վստահորեն պնդել, որ գիտակցաբար, բայց այնուամենայնիվ, այդ քննարկումների եւ փաստաթղթերի հեղինակները պատերազմի հրձիգ դարձան, որը մի քանի հարյուր կյանքեր արժեցավ թե՛ Հայաստանի, թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի համար», – նշեց նա:
Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել 2016 թվականի հունվարին․ԵԽԽՎ-ն հավանություն էր տվել Միլիցա Մարկովիչի հեղինակած վիճահարույց նախագծին եւ մերժել Ռոբերտ Ուոլթերի հեղինակած բանաձեւը։ Մարկովիչի փաստաթղթի ընդունմանը կողմ էր քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր։ Բոսնիացի պատգամավորը ներկայացրել էր «Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձեւը, որը հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումներ էր պարունակում, եւ հենց այս բանաձեւերն էլ համարում էին հայկական պատվիրակության ձախողումը։
«Ադրբեջանի սահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» վերտառությամբ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբար չայցելած հեղինակը պնդում է, որ ջրամբարը ոչ բարենպաստ վիճակում է, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային խոշոր աղետի, որի հետեւանքով կարող են մեծ մարդկային կորուստներ լինել: Մարկովիչն ընդգծում է նաեւ, որ ջրամբարը գտնվում է «Ադրբեջանի այն տարածքներից մեկում, որն օկուպացվել է Հայաստանի կողմից», եւ որ դրա ոչ բավարար մակարդակի պահպանությունը վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար:
Եվրոպացի պատգամավորների քվեարկությանը սպասող զեկույցը նաեւ պահանջում է այդ շրջաններից դուրս բերել հայկական զինված ուժերը, հնարավորություն տալ անկախ փորձագետներին հետազոտել ջրամբարի վիճակն ու ոռոգման խողովակները։
Իսկ, ահա, Ուոլթերի ներկայացրած նախագիծը կոչվում էր «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»։ Սա եւս հայկական կողմն անընդունելի էր համարել, օրինակ` այն հանգամանքը, որ կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։
Եվ հետաքրքիր է, որ այն ժամանակ շատ գործիչներ, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կարծիք էին հայտնում, որ ԵԽԽՎ-ում ընդունված բանաձեւը «ազդեցություն չի ունենա ղարաբաղյան կարգավորման վրա»։ «Անկասկած ներքին իրավիճակն այս կամ այն կերպ ազդում է նաեւ արտաքին իրավիճակին, նաեւ շփման գծին։ Մենք այդ խնդիրներին ուշադիր հետեւում ենք, գիտենք` ինչքան հատկացումներ կան հատկապես պաշտպանության ոլորտում, եւ չենք թերագնահատում նրանց ունեցած հնարավորությունները։ Բայց, միեւնույն ժամանակ, մեզ համար համապատասխան պլանավորում ենք իրականացնում»,-այն ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել էր Օհանյանը:
Եվ չնայած հունվարին նախարարը հայտարարում էր, թե բոլոր հարցերին ուշադիր հետեւում են, սակայն փաստացի ամիսներ անց ունեցանք Ապրիլյան պատերազմ` ցավալի իրադարձություն, որին անպատրաստ էինք:
Արցախյան հակամարտության կարգավորման թեմայից զատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցեր ուղղեցին նաեւ հարեւան այլ պետությունների հետ հարաբերությունների, ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության մասին։ Սակայն ավելի մեծ թիվ էին կազմում կոռուպցիայի դեմ պայքարի եւ արցախյան հակամարտության հետ կապված հարցերը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` Փաշինյանը նշել էր, որ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին ամենակարեւոր քայլերից մեկն այն է, որ վարչապետը, իր ընտանիքի անդամներն ու հարազատները ներգրավված չլինեն կոռուպցիայի մեջ։ «Երբ ես մտածում եմ, թե որն է ամենամեծ բանը, որ պետք է անեմ անձամբ կոռուպցիայի դեմ պայքարի համար, իմ միակ եւ ամենավստահելի պատասխանն այն է, որ ես ինքս կոռուպցիայի մեջ չպետք է ներքաշվեմ։ Միշտ ընդգծում եմ՝ կառավարության եւ երկրի ղեկավարի կարգավիճակում իմ լինելն իմաստավորված եմ համարում այնքան ժամանակ, քանի դեռ ունեմ մեր ժողովրդի վստահությունը», – նշել էր նա։
Ամենեւին էլ զարմանալի չէ, որ վարչապետի ելույթից հետո ընդդիմախոսները սկսեցին քննադատել նրա խոսքը։ Օրինակ` ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշել էր․«Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես հաճախ է պատահում իր արտասահմանյան այցերին, թույլ էր։ Այս մարդը համառորեն չի հասկանում, որ թավշյա բռենդը դրսում այլեւս չի վաճառվում, եւ բացառապես դրա վրա կառուցել երկրի արտաքին եւ անվտանգային քաղաքականությունը, չի կարելի»։
Սակայն փաստենք, որ վարչապետի ելույթից հետո ԵԽԽՎ նախագահը շնորհակալություն հայտնեց կառույցի հանդեպ վստահության համար։
Նաիրա Հովհաննիսյան