Վերջին տարիներին ամբողջ աշխարհում զարգանում է էլեկտրոնային առեւտուրը, ընդ որում՝ բավական արագ տեմպերով: Այս հարցում Հայաստանը բացառություն չէ: Բայց, չնայած սրան, էլեկտրոնային առեւտուրը ռիսկային է, եւ սպառողը ավելի քան ուշադիր պետք է լինի:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ ամերիկյան «Գլոբբինգ» ընկերությունը Հայաստանում գործում է: Ընկերության հիմնադիրն ԱՄՆ-ում Դավիթ Ղազարյանն է: Ի դեպ, «Գլոբբինգ»-ի գրասենյակը գործում է նաեւ Արցախում: «Գլոբբինգ»-ը գործում է նաեւ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում: «Գլոբբինգ»-ը միջազգային գնումների հարթակ է, որը իր մի շարք ծառայությունների ու գործիքների շնորհիվ հնարավոր է դարձնում գնումներ կատարել արտասահմանյան խանութներում արագ, եւ դրանք ստանալ Հայաստանում:
Ինչպես հայտնի է, ինտերնետային առեւտրի դեպքում անձը կարող է առեւտուր կատարել ցանկացած օր եւ ցանկացած ժամի, չմտածել ապրանքի տեղափոխման եւ այլ անհարմարությունների մասին: Բայց «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին` Պետրոս Թովմասյանը, հայտնվել է անհարմար վիճակում «Գլոբբինգ» ընկերության, մեղմ ասած, անտարբեր գործելաոճի պատճառով:
«Ես բազմաթիվ անգամ օգտվել եմ «Գլոբբինգ»-ից եւ երբեւէ դժգոհություն չեմ ունեցել: Բայց այս անգամ ընկերությունը ինձ խիստ հիասթափեցրել է ու գցել անելանելի դրության մեջ: Մի քանի պատվերներ ունեմ, որոնց արժեքը ընդհանուր կազմում է 50-60 հազար դրամ, դրանք Ռուսաստանի Դաշնությունով պետք է գան, բայց արդեն երկու ամիս է` ձայն չկա: Նշեմ, որ սովորաբար ես հաղորդագրություն եմ ստանում այն մասին, թե որտեղ է այս պահին ապրանքը գտնվում` պահեստում է, թե ճանապարհին եւ այլն: Իսկ այս վերջին մի քանի պատվերների հետ կապված` ոչ մի տեղեկություն չկա»,- վրդովվեց քաղաքացին:
Սակայն նրան ավելի շատ զայրացրել է ընկերության անտարբեր եւ անպատասխանատու պահվածքը: «Զանգել եմ ու հարցնում եմ` ինչ խնդիր կա, ինչու են ուշանում պատվերները: Ինձ պատասխանում են. «Մոսկվայի փոստի հետ այլեւս չենք աշխատում: Ապրանքը երբ ուղարկում են Մոսկվայի փոստ, մենք այլեւս չենք գնում այնտեղից վերցնում»: Հարցնում եմ` ինչ պետք է լինի իմ ապրանքի ճակատագիրը: Ասում է. «Զանգե՛ք Մոսկվայի փոստ, թող բերեն մեզ մոտ, ապա մենք բերենք, կամ զանգե՛ք Aliexpress-ին, որ հետ պահանջի ապրանքը, կամ էլ ապրանքը կմնա այնքան, որից հետո հետ կգնա վաճառողի մոտ: Հետո վաճառողը Ձեզ կվճարի»,- շարունակեց զայրացած պատմել մեզ դիմած քաղաքացին: Ապա նկատեց, որ եթե հետեւի «Գլոբբինգ»-ի առաջարկին, ապա կկորցնի եւս մի քանի ամիս: Եւ դեռ հայտնի չէ, այդ դեպքում ինքը հետ կստանա իր գումարը կամ ապրանքը, թե ոչ:
«Բայց ինձ` որպես հաճախորդի, չի հետաքրքրում` իրենք Մոսկվայի փոստի հետ աշխատում են, թե ոչ: Ինձ հետաքրքրում է իմ ապրանքի ճակատագիրը: Ես նախկինում պատվիրել եմ նույն եղանակով, նորմալ եկել հասել է, այս անգամ նման պատմության մեջ ընկա: Ասում են` մեր պաշտոնական կայքէջում տեղադրված կա հայտարարություն, որ այլեւս չենք համագործակցում Մոսկվայի փոստի հետ: Ասում են` պետք է մտնեիք մեր կայքէջ, տեսնեինք:
Բայց ինձ պետք չէ իրենց կայքէջ մտնեմ այն դեպքում, երբ իմ հեռախոսի մեջ ունեմ իրենց ընկերության հավելվածը: Հետո` ամեն նորություն ինձ էլեկտրոնային հասցեով իրենք ուղարկում են, այս անգամ ինչո՞ւ չեն ուղարկել: Դժվարություն էր իրենց համար: Ծանուցեիք այդ մասին: Մի քանիսն էլ պատվիրել եմ, դեռ պետք է նոր գնան Ռուսաստան` այդ նույն հասցեով: Դրանց մասով եւս անհանգստացած եմ»,- ներկայացրեց քաղաքացին:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ դիմեց նաեւ «Գլոբբինգ» ընկերությանը, որտեղից օպերատորը հայտարարեց. «Տեսե՛ք, ամեն դեպքում, մենք ներկայացրել ենք բոլոր ինֆոն: Ինչը, որ մեզ հասանելի է եղել, տրամադրել ենք: Պարզապես Մոսկվայի փոստային բաժանմունքի վատ աշխատանքի պատճառով այլեւս չենք համագործակցում իրենց հետ: Բոլոր ծանրոցները հետ են առաքվում դեպի վաճառող: Այս տարվա մարտի 1-ից մենք չենք աշխատում իրենց հետ:
Մինչեւ փոփոխություններ լինելը Ռուսաստանի մեր պահեստային հասցեի անմիջապես ներքեւում նշված է եղել, որ եթե առաքվեն փոստային բաժանմունք, միգուցե դրանք հնարավոր չլինի վերցնել, քանի որ Ռուսաստանի փոստային բաժանմունքը պարզապես չի տրամադրում ծանրոցները` պատճառաբանելով, որ չեն գտնում: Եւ որպեսզի թյուր կարծիք չձեւավորվի մեր կազմակերպության մասին, այս դեպքում պարզապես ամենահարմար տարբերակը իրենց հետ համագործակցությունը դադարեցնելն էր: Ես Ձեր հեռախոսահամարը կփոխանցեմ որակի վերահսկում, ավելի լավ է` իրենք Ձեզ հետ կապ հաստատեն»: Բայց երկու օր որակի վերահսկումից մենք այդպես էլ զանգ չստացանք:
Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրով դիմեց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն եւ պարզեց, որ այս գերատեսչության կողմից է «Գլոբբինգ»-ը լիցենզիա ստացել: «Քաղաքացին կարող է խնդիրը ներկայացնել նախարարությանը, դիմում գրել, եւ մենք դրա հիման վրա` կդիմենք ընկերությանը եւ պարզաբանում կպահանջենք»,- փոխանցեցին նախարարությունից: Հուսանք` մեր այս հրապարակումը բավարար կլինի ուսումնասիրելու համար ընկերության գործելաոճը ոչ միայն նախարարության, այլեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Ի վերջո, 21-րդ դարում ՀՀ քաղաքացին չի կարողանում էլեկտրոնային եղանակով իր գնած ապրանքը ստանալ համապատասխան կազմակերպության պատճառով:
Քաղաքացու մտահոգությունները փոխանցեցինք նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որտեղից փոխանցեցին, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով կարգավորվում է հստակ լիազորությունների շրջանակը: «Բայց տվյալ դեպքում, երբ ընկերությունը մասնավոր է, եւ անձի խնդիրը եւս մասնավոր է, մեր լիազորություննները այդ մասով չեն տարածվում: Բայց, ամեն դեպքում, խնդիրը կփոխանցվի համապատասխան բաժին: Մեր լիազորությունները միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված բողոքներն են»:
Լուսինե Մինասյան