Դատական հայց՝ ընդդեմ Աչաջուր համայնքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ․ փետրվարի 11-ին «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի ներկայացուցիչը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի` հողամասի նկատմամբ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասին: Նույն օրը դատավոր Սիմա Իսկանդարյանը որոշել է հայցադիմումն ընդունել վարույթ, եւ այդ գործով նախնական դատական առաջին նիստը կայացել է ապրիլի 10-ին:

Ավելի վաղ Աչաջուր համայնքը ղեկավարող Կարեն Ղալթախչյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել էր այդ հայցադիմումի մասին: Նա ասաց, որ իրականում Աչաջուր համայնքը դատարանում կլինի դատավարության երրորդ կողմ: «Իջեւանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն ձեռք է բերել Աչաջուր համայնքի տարածքում գտնվող հանքային ջրի աղբյուրը արտադրական նպատակներով օգտագործելու թույլտվություն եւ մտադիր է այդտեղ հանքային ջրի արտադրություն կազմակերպել:

Կ․ Ղալթախչյանի խոսքերով` Աչաջրի նախկին համայնքապետի պաշտոնավարման շրջանում «Սլովակիա» ընկերության տնօրեն Սերգեյ Բարսեղյանն այդ տարածքում համայնքից գնել է 2 հեկտար հողամաս, որտեղ գտնվում է հանքային ջրի աղբյուրը: Իջեւանի գինու, կոնյակի գործարանը, դատարան դիմելով, ցանկանում է ապահովել սեփականաշնորհված հողամասի տարածքով ազատ ելումուտ դեպի հանքային ջրի ակունք: Հավելենք, որ խորհրդային տարիներին հանքային ջրի այդ աղբյուրի ջրով արտադրվում էր «Իջեւան» հանքային ջուրը, որը պահանջարկ ուներ Իջեւանի եւ հարակից շրջանների բնակչության կողմից:




Լրահոս