Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամեդ Ալ Զաաբիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ կխորանան Երևանի եւ ԱՄԷ քաղաքների միջև բարեկամական կապերը:
Դեսպան Ալ Զաաբին նշել է, որ Հայաստանում գործունեություն են ծավալում ԱՄԷ-ի շուրջ 500 կազմակերպություններ, դրանց զգալի մասը՝ Երևանում: Դեսպանը հույս է հայտնել, որ, հաշվի առնելով քաղաքի հարմարավետ պայմանները, այդ թիվը կմեծանա: Մասնավորապես, ըստ դեսպանի, համագործակցության լայն դաշտ կա նորարար տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ճարտարապետության, ժամանակակից կառուցապատման, կանաչապատման և այլ ոլորտներում:
Կողմերը նշել են, որ մայիսին կայանալիք ՀՀ-ԱՄԷ միջկառավարական համագործակցության համաժողովում կքննարկվեն նաև Երևանին վերաբերող մի շարք ծրագրեր: