«Մեզ հարկավոր է բարձրակարգ մարզիչ: Ազգային հավաքականը փորձարկումների դաշտ չէ»,- ահա այսպիսին են ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մարզչի վերաբերյալ խոսակցությունները: Այնպիսի տպավորություն է, որ «ԵՎՐՈ 2020»-ի մեկնարկի ձախողման պատճառը հենց Արմեն Գյուլբուդաղյանցն է: Շատերը մտածում էին, որ ֆեդերացիայի կազմի փոփոխությունից անմիջապես հետո մեր հավաքականը կսկսի ֆանտաստիկ ֆուտբոլ խաղալ եւ չորս կողմից ջախջախել մրցակիցներին, եւ կապ չունի` մրցակիցը Ֆինլանդիան է, թե Իտալիան:
Նախ` եկեք հասկանանք, թե մեկնարկային երկու խաղերում որտեղ թերացավ մեր հավաքականը եւ հենց Արմեն Գյուլբուդաղյանցը: Իհարկե, մեր մարզիչը ուղղակի չէր կարող չկատարել փորձարկումներ: Եթե դու քո տրամադրության տակ չունես հստակ 11 այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր պետք է խաղադաշտ դուրս գան մեկնարկային րոպեներից, ապա չես կարող խուսափել փորձարկումներից: Հայաստանի հավաքականը կադրային լուրջ փոփոխությունների կարիք ունի: Այն ֆուտբոլիստները, ովքեր հիանալի ֆուտբոլ էին խաղում 5-6 տարի առաջ, արդեն սպառել են իրենց: Արմեն Գյուլբուդաղյանցը չունի կախարդական փայտիկ, որով կարող է բարձրացնել շատերի խաղամակարդակը:
Իհարկե, կա նաեւ մարզչի սխալը, որը իսպանական «տիկի-տակա» ոճին ապավինելն է: Այդպես խաղալու համար թիմում գոնե պետք է լինեն 5 մխիթարյաններ: Սա, իհարկե, այդ փորձարկումներից մեկն է, որը հուսանք` չենք տեսնի մյուս խաղերում: Այս անգամ քիչ խաղաժամանակ ստացավ երիտասարդ Պետրոս Ավետիսյանը, ով նույնիսկ այդ քիչ ժամանակահատվածում ապացուցեց իր բարձր խաղամակարդակը:
Հայաստանի հավաքականը մանկական սխալներ թույլ տվեց պաշտպանությունում, եւ այստեղ ինչու՞մ կարելի է մեղադրել Արմեն Գյուլբուդաղյանցին: Նա ֆինների դեմ խաղում հենակետային գոտում դրեց նույնիսկ Մխիթարյանին, սակայն դա էլ օգուտ չտվեց: Եթե մենք ունենք Արտակ Գրիգորյան եւ Կառլեն Մկրտչյան, ովքեր դեռեւս չեն կարողանում համագործակցել միմյանց հետ, եւ եթե ունենք Կամո Հովհաննիսյան, որը փայլում է իր արագությամբ, բայց պաշտպանությունում այդքան էլ լավ չի գործում, ապա ի՞նչ կարող ենք ասել Գյուլբուդաղյանցին:
Մկրտչյանը, կարծում ենք, արդեն սպառել է իրեն, Եդիգարյանը` նույնպես, եւ այս պարագայում հավաքականը պետք է խաղա միայն մե՞կ հենակետայինով: Սա ավելի պայթյունավտանգ կդառնա: Չունենք վառ ընդգծված կենտրոնական հարձակվող: Բրիասկոն ու Կարապետյանը կրակագծում տապալում են խաղը, իսկ Մովսիսյանն էլ մարզավիճակի խնդիր ունի: Այստեղ հրաշալի կլիներ տեսնել Մարաշլյանին, սակայն, ցավոք, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայազգի ֆուտբոլիստը կընդունի Ուրուգվայի հավաքականի հրավերը: Հարձակվողներից լավ չեն գործում նաեւ Բարսեղյանն ու Ադամյանը:
Այսինքն` մենք ունենք Արաս Օզբիլիս եւ Հենրիխ Մխիթարյան, ովքեր միայնակ չեն կարող վճռել խաղերի ելքը: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է Արմեն Գյուլբուդաղյանցը խուսափի փորձարկումներից: Այս պարագայում մեր ազգային հավաքականի մարզիչը չունի մեղավորության մեծ չափաբաժին: Եթե հարցը հենց մարզչի մեջ էր, ապա ինչո՞ւ Վարդան Մինասյանը վերադառնալով չկարողացավ նույն արդյունքները գրանցել, ինչը գրանցում էր տարիներ առաջ: Հայաստանի հավաքականը չունի մարզիչ փոխելու խնդիր: Հայաստանի հավաքականի խնդիրն այլ է. պետք է թիմը թարմացնել:
Դրա համար պետք է զարգացնել մարզային ֆուտբոլը եւ լավ բանակցություններ վարել արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ: Արթուր Վանեցյանի խոսքերով` այդ բոլոր հարցերը լուծման փուլում են, եւ հարկավոր է միայն ժամանակ: Հուսանք, որ մեր հավաքականը կբեկի ընթացքը եւ կգրանցի լավ արդյունքներ, իսկ աջուձախ Արմեն Գյուլբուդաղյանցին քննադատելով` մենք հավաքականը ավելի կմոտեցնենք անդունդի եզրին:
Էդմոն Մարտիրոսյան