Մեքենան անսա՞րք է եղել. ՌՈ պետը` զինվորների վթարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի էր ունեցել վթար, ինչի հետեւանքով 18 զինծառայող հոսպիտալացվել է: Ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը 18 զինծառայող տեղափոխվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը` բավարար:

Հուսանք, որ սա այն հերթական դեպքը չէ, ինչի հետեւանքով զոհեր ունեցանք. 2018 թվականի նոյեմբերի 7-ին` ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Էդգար Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ շարքայիններ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը եւ Դավիթ Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել էին: Ավտոմեքենայի թափքում գտնվող մյուս զինծառայողները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ: Այսպիսով, ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեցինք ՀՀ ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչն է եղել վթարի պատճառը, արդյոք սա հերթական դե՞պքն է, երբ անսարք մեքենան շահագործման են հանձնում:

-Չէ, այստեղ անսարքության հարց չկա, մեր տղաները գնացել են, հիմա այնտեղ աշխատում են: Ինձ թվում է` նման խնդիր չկա, այդ մեքենաները անցել են տեխզննում, նորմալ վիճակ է եղել:

-Այսինքն` այս պահի դրությամբ տվյալ չունե՞ք, որ անսարքության պատճառով է եղել:

-Չէ, չունենք, մեքենաները սարքին են եղել: Մենք այսօր նայում ենք քաղաքացիական վթարները, մարդ չի կարողանում նայել: Վատ բան է եղել, թեթեւ չենք տանում, մենք նախարարի կողմից ունենք հանձնարարական, հսկողություն ենք իրականացնում, որպեսզի անսարք մեքենաները չշահագործվեն:

-Նոյեմբերի 7-ի վթարից հետո, երբ 4 զինվոր մահացավ, նման հանձնարարական ստացա՞ք:

-Ոչ, միշտ էլ ունեցել ենք: Ռազմական ոստիկանությունն իր գործունեությունն իրականացնում է:

Քնար Մանուկյան




Լրահոս