Արթուր Դավթյանը դիմել է արդարադատության նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է արդարադատության նախարարին՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին:

Պատճառները փորձեցինք պարզել դատավոր Դավիթ Բալայանից, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել: Չի բացառվում, որ միգուցե Բալայանին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կապված է եղել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի հետ:

Մասնավորապես, 2018 թվականին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը եւ 25 մլն դրամի դիմաց ազատ էր արձակել: Որոշումը կայացրել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը, սակայն ավելի ուշ այդ որոշումը բողոքարկվեց, եւ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվեց: Չի բացառվում, որ այս գործով դատախազը նման դիմում ուղարկած լինի:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել անօրինական զենք պահելու եւ խոշոր չափերի յուրացման համար:




Լրահոս