Առեւտրական ամուսինները. ինչ ունեցվածք ունի ՊԵԿ-ի պաշտոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Վահագն Սահակյանի եւ կնոջ տարեկան հայտարարագրերում բավականին ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել:

Պարզվում է` Սահակյանը նախորդ տարվա ընթացքում 48.5 մլն դրամանոց բնակարան է վաճառել: Նրա դրամական միջոցներն անցած տարեվերջին կազմել են 58 մլն դրամ, 50 հազար դոլար եւ 15 հազար եվրո: Բացի այս, նշենք, որ Սահակյանի ամսական աշխատավարձը կազմում է 877 հազար դրամ: Որպես եկամուտ նա հայտարարագրել է տրված փոխառության դիմաց ստացած տոկոսները` ավելի քան 2.3 մլն դրամը եւ 1542 դոլարը: Նրա կնոջ` Արփինե Մանուկյանի տարեկան հայտարարագիրը ավելի հետաքրքիր ու գունեղ է. նա անցած տարվա սկզբին 30 մլն դրամով բնակարան է գնել, իսկ տարեվերջին վաճառել է: Բացի այս, նա 40 մլն 970 հազար դրամով վաճառել է եւս մեկ բնակարան:

Հարկային տարվա սկզբին ունեցել է 20 հազար դոլարի չափով փոխառություն, որը տարեվերջին վերադարձրել է: Չնայած այն բանին, որ ՊԵԿ աշխատակցի կինը անցած տարի վաճառել է 40 մլն 970 հազար դրամի գույք, բայց, այնուամենայնիվ, նրա դրամական միջոցները դրա հաշվին չեն ավելացել: Եթե նա 2017-ին ունեցել է 100 հազար դոլար, ապա 2018-ին այն դարձել է 120 հազար դոլար: Ուշադրություն, սա այն դեպքում, երբ Արփինե Մանուկյանի աշխատավարձը նշված է 130 հազար դրամ: Բացի այս, նա 1140 դոլարի չափով տոկոս է ստացել տրված փոխառություններից:

Հիշեցնենք, որ 2017 թվականին ՊԵԿ աշխատակցի կինը ավելի քան 9 մլն դրամի չափով նվիրատվություն էր ստացել:




Լրահոս