ՖՈՏՈ. Ինչ իրավիճակ է Զարթոնք գյուղում այս պահին. Դավիթ Սանասարյանն այնտեղ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակը շարունակվում է: Գյուղացիները վաղ առավոտից փակել են ճանապարհը և բողոքում են գյուղապետ Պարույր Սարգսյանի դեմ` պահանջելով աշխատանքից ազատել նրան: Վաղ առավոտից այնտեղ են նաև մեծ թվով ոստիկաններ և հաճախակի քաշքշուկներ են լինում նրանց և գյուղացիների միջև:

Վերջիններիս լարվածության պատճառը նաև գյուղում հնչած կրակոցներն են, որոնց հետևանքով, ըստ նրանց կան նաև վիրավորներ: Գյուղացիները պահանջում են, որպեսզի հայտնաբերի կրակոցներ արձակողին:

Ոստիկանությունն այնտեղ գիշերը տեղի ունեցած դեպքի  մասին նաև հաղորդագրություն է տարածել և ասել, որ ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով’ առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։

Սակայն բնակիչներից մեկն էլ նշում է, թե կրակոց արձակած և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից գյուղացուն վիրավորողը դիմել է փախուստի, և ոստիկանությունից պահանջում են նրան բերման ենթարկել:

ArmLur.am-ի հետ զրույցում Զարթոնքի բնակիչ Հակոբ Հակոբյանը պատմեց, թե ինքը եղել է ցուցարարների մեջ եւ հավաստի տեղեկություններ ունի, թե բնակիչների վրա կրակել է Գյուղապետի թոռը Նարեկ Մելքոնյանը:

Գյուղացիներից մեկը պատմել է, որ վաղ առավոտյան հարձակվել են գյուղապետի հրաժարականի պահանջով ակցիա անցկացնողներից մեկի՝ Պողոսյան Վարդանի տան վրա: Իսկ Զարթոնքի գյուղապետն էլ հակառակ պատկերն է ներկայացրել և ասել, որ ցուցարարները վաղ առավոտյան հարձակվել են գյուղի դպրոցի տնօրենի տան վրա: Հավելենք, որ քիչ առաջ Զարթոնք ժամանեց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է` ինչ գյուղացիները նման պահանջով են հանդես գալիս և պնդում, որ 23 տարվա գյուղապետը յուրացրել է ապրիլյան պատերազմի մասնակիցների համար  նախատեսված գումարները:




Լրահոս