Անցած 3 օրերին Դիլիջան քաղաքում անջատվել է խմելու ջրի մատակարարումը, ավելին` բնակիչներին մատակարվել է կեղտոտ ջուր. այդ մասին վկայող լուսանկարները տարածված են համացանցում: Խնդիրը վաղուց գոյություն ունի, քաղաքը սնվում է շրջակա լեռներից հոսող մակերեսային ջրերով, հիմա սկսվել է գարնանային ձնհալքը, որն էլ այդ ջրերի պղտորման պատճառ է:
Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը հաստատեց կատարվածը, նաեւ հայտնեց, որ ապրիլի 10-ին քաղաքի առափնյա թաղամասերին խմելու ջուր է մատարակարվարել: «Վեոլիա Ջուր» ընկերության Դիլիջանի տեղամասի մաքման կայանի պետ Վոլոդյա Մնացականյանն ասաց, որ խմելու ջրի մատակարարման առումով ապրիլի 10-ին Դիլիջանում կատաստրոֆիկ վիճակ էր, սակայն իրենք ապրիլի 11-ին քաղաքի բոլոր թաղամասերում նորմալ խմելու ջուր են մատակարարել:
Նա ասաց, որ 2008թվականին Դիլիջանի խմելու ջրի ցանցը վերակառուցվել է, տեղադրվել են փականներ, որոնք ավտոմատ կերպով փակվում, ջրամատակարարումը դադարում է, եթե ջրի կեղտոտվածության աստիճանը գերազանցում է թույլատրելի նորման: Վ․ Մնացականյանը հայտնեց, որ Դիլիջանին մատակարարվող ջուրը քլորացվում է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ