Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ դրա ընդունման պարագայում հնարավոր կլինի կառավարության գործունեությունն իրականացնել առավել օպտիմալ և արդյունավետ ձևաչափով:
Փաթեթով առաջարկվում է նախարարությունների թիվը կրճատել՝ սահմանելով 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն, որի պարագայում փոխվարչապետների կողմից համակարգման դերակատարությունը որոշ դեպքերում նվազում է և առավել նպատակահարմար է այն կենտրոնացնել երկու փոխվարչապետների շուրջ: Հետևաբար՝ առաջարկվում է փոխվարչապետների թիվը սահմանել 2: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2 փոխվարչապետների պարագայում առաջին փոխվարչապետ սահմանելու տրամաբանությունը բացակայում է՝ առաջարկվում է հանել առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Կառավարության կազմը սահմանվում է.
1) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,
2) առողջապահության նախարարություն,
3) արդարադատության նախարարություն,
4) արտակարգ իրավիճակների նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
7) շրջակա միջավայրի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
11) Էկոնոմիկայի նախարարություն,
12) ֆինանսների նախարարություն:
Նա նշեց, որ Մշակույթի նախարարությունը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Կրթության և գիտության նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:
Վերջինիս կփոխանցվեն նաև Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ տրասնպորտի ոլորտին վերաբերող բոլոր լիազորությունները և գործառույթները:
Նշված նախարարության ենթակայությանը կհանձնվի նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն:
Գյուղատնտեսության նախարարությունն ու Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կմիաձուլվեն՝ ստեղծելով Էկոնոմիկայի նախարարության:
Սփյուռքի նախարարությունը կմիավորվի Վարչապետի աշխատակազմին, որտեղ կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:
Միևնույն ժամանակ Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայեցողական պաշտոնը, ով կիրականացնի վարչապետի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության ապահովման և սփյուռքի հետ տարվող աշխատանքների միասնականության ապահովման լիազորությունների իրականացման աշխատանքների կազմակերպումը: