ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես կոռուպցիայի մեջ մեղադրվողները ճողոպրեցին Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի իրավապահ համակարգի համար լուրջ մարտահրավեր է դարձել այս կամ այն քրեական գործով որեւէ մեկին պատասխանատվության կանչելը կամ կալանավորելը: Կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ քրեական գործեր են հարուցվում, որոշ դեպքում՝ ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք հարուցված, ներկայիս դատախազ Արթուր Դավթյանի օրոք` ՀՀԿ իշխանության ժամանակ կարճված քրեական գործերը վերաբացվում են, բայց ամեն ինչ դրանով էլ ավարտվում է. աղմկահարույց քրեական գործերով անցնող հիմնական «հերոսները» հասցրել են փախուստի դիմել:

Փաստ 1

Հիմա փորձենք առարկայական երկու օրինակով բացատրել, թե ինչն է խնդիրը: 2018 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ խոշոր չափերի կաշառք տալու գործով շուտով պատգամավոր է ձերբակալվելու. խոսքը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) մասին է:

Գրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել է, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Սիլվա Համբարձումյանից պահանջել եւ միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Այսինքն` Արամ Հարությունյանի նկատմամբ այս քրեական գործը հարուցվել է դեռեւս 2015 թվականին, եւ ինչպես հայտնեցին դատախազության մեր աղբյուրները, այդ քրեական գործը հարուցվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նախաձեռնությամբ, իսկ, ահա, կարճվել էր ներկայիս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք, սակայն թավշյա հեղափոխությունից հետո գործը կրկին վերաբացվեց, բայց, ըստ էության, անարդյունք, քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն արդեն 6 ամիս է` չկա. նրա նկատմամբ հետախուզում են հայտարարել եւ դեռ չեն գտել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինն արդեն ունի ապացույց, որ Արամ Հարությունյանը երկրում չէ, երկիրը լքել է, եւ նրան փնտրում են այլ երկրներում:

Փաստ երկրորդ

2016 թվականի մայիսի 2-ին Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների մասին «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակման հիման վրա` ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել` Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով` ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով:

Ասել է թե` կրկին Միհրան Պողոսյանի մասով քրեական գործը հարուցվում է ՀՀ գլխավոր նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք եւ կարճվում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի օրոք: Ի դեպ, դատախազությունից մեզ հասած տեղեկությունների համաձայն` մինչ «Հետք»-ի հրապարակումը իրավապահները Միհրան Պողոսյանի գործողությունների մասով այլ նյութեր են նախապատրաստելիս եղել, որոնք հետագայում կցվել են «Հետք»-ի հրապարակմանը եւ ուղարկվել են ՀՔԾ` քննության: Մեկ տարի անց` 2017 թվականի հունվարի 25-ին, այս քրեական գործերը մյուս պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի ճակատագրին արժանացան` կարճվեցին: Չի բացառվում, որ նախկին իշխանությունները իրավապահներին հանձնարարեցին կարճել, որ Միհրան Պողոսյանը կարողանա դառնալ ԱԺ պատգամավոր. սցենարը աշխատեց:

Հեղափոխությունից հետո` 2019 թվականի հունվարի 24-ին, մի շարք աղմկահարույց քրեական գործերի հետ միասին նաեւ օֆշորային սկանդալի գործը վերաբացվեց: Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՔԾ-ի, հարցաքննության էր հրավիրել Միհրան Պողոսյանին, սակայն վերջինս հայտնել էր, որ իրեն հարցաքննեն տեսակապի միջոցով, սակայն ՀՔԾ հայտնել էր, որ նման ընթացակարգ չկա, եւ նրան կրկին հարցաքննության էին հրավիրել: Ապրիլի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթին ՀՔԾ-ից հայտնել էին, որ Միհրան Պողոսյանը մոտ օրերս կներկայանա նախաքննական մարմին, սակայն շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Միհրան Պողոսյանի պատասխանը

Երեկ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել եւ հայտնել. ««Սիրո եւ հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ` ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը:
Ավելին` «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Սեփական վարկանիշի պահպանմանն ուղղված քայլերը նմանվում են չստացված բեմադրության, որի միակ նպատակը հակահերոս գտնելն է…..:

Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ շոուների մասնակիցը լինել, որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է»:

Ու մինչ իրավապահները նստած սպասում էին` Միհրան Պողոսյանը երբ կգա հարցաքննության, նա պարզապես խաբեց. ոչ միայն չեկավ, այլեւ հայտարարություն տարածեց չգալու մասին:

Ուշացած հետախուզումը

ՀՔԾ-ն հետախուզում հայտարարեց եւ հայտնեց, որ Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք աշխատանքի չեն հաճախել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները եւ ստացել են աշխատավարձ եւ դրան հավասարեցված վճարումներ` ընդհանուր` 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Ավելին` 2011թ.-ին Միհրան Պողոսյանը օտարերկրյա քաղաքացիների միջոցով Պանամայի Հանրապետությունում հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ընկերությունները…. Այնուհետեւ Միհրան Պողոսյանը վստահված անձանց միջոցով մասնակցել է Պանամայի օֆշորային գոտում գրանցված վերոհիշյալ կազմակերպությունների կառավարմանը, ինչի արդյունքում վերջիններս Հայաստանում հիմնադրել են այլ ընկերություններ, այդ թվում` «Բեսթ ռեալթի» ՍՊԸ-ն:

2014թ. ապրիլի 17-ին իր կողմից կառավարվող «Բեսթ ռեալթի» ՍՊ ընկերության հետ կնքել է անշարժ եւ շարժական գույքի գնահատման պայմանագիր, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի` հարկադիր կատարման ծառայությանը հատկացված միջոցներից վերոհիշյալ ժամանակահատվածում նշված կազմակերպությանը վճարվել է 43.890.000 ՀՀ դրամ գումար:

Միհրան Պողոսյանը 2011-2016 թթ.-ի ընթացքում իրեն վստահված պետական միջոցներով ԴԱՀԿ ծառայության կարիքների համար նախատեսված գնման գործընթացում իր կողմից 1997թ.-ին հիմնադրված, այնուհետեւ իբրեւ այլ կազմակերպությանը վաճառված, սակայն փաստացի իր կողմից կառավարվող, առեւտրային գործունեություն իրականացնող «Քեթրին գրուպ» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել ընդհանուր 211.158.000 ՀՀ դրամ արժողությամբ 32 հատ «Բիդ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնցից 20 հատը` նույն ժամանակահատվածում իրական իրացման արժեքից շուրջ 20.000.000 ՀՀ դրամ ավելի բարձր գնով, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այսպիսով, ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` նախաքննական մարմինը Միհրան Պողոսյանի գործողությունների մասով ապացույցները ձեռք է բերել նրա մտերիմ հարազատների ցուցմունքների հիման վրա, որոնց անունները նախաքննական մարմինը գաղտնի է պահում, որպեսզի նրանց նկատմամբ ճնշում չլինի:

Ինչեւէ, իրավապահ համակարգը, մասնավորապես` այս քրեական գործերը վերահսկող դատախազները, եթե նախկինում չկարճեին այս եւ այլ նման աղմկահարույց քրեական գործերը, ապա չէինք ունենա այն,ինչ ունենք: Իսկ ներկայումս այն վերաբացելով` ցույց են տալիս, թե գործ են անում, սակայն կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա են ստեղծել, քանի որ գործով հիմնական մեղադրյալները կամ դեկատարաները պարզապես երկրում չեն, եւ նրանց Հայաստան բերելու հեռանկարը մշուշոտ է:

Ի դեպ, հավելենք, որ միայն այս երկու նախկին պաշտոնատար անձինք չեն, որոնց իրավապահները չեն կարողանում հարցաքննության հրավիրել: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն արտերկրում է եւ չի ներկայանում նախաքննական մարմին, հետախուզում է հայտարարված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ:

Ավելին, այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նախաքննական մարմինը, գործը վերահսկող դատախազը, նկատվում է, որ բավական սրտացավ վերաբերմունք են դրսեւորել վերոնշյալ անձանց նկատմամբ: Բանն այն է, որ իրավապահները, մի շարք աղմկահարույց գործեր վերաբացելով, ոչինչ չարեցին կամ միգուցե արեցին, բայց անօգուտ: Եւ վերջնարդյունքում Արամ Հարությունյանը, Միհրան Պողոսյանը եւ մյուս աղմկահարույց գործերով անցնող մեղադրյալները կամ կասկածյալները հասցրեցին լքել երկիրը:

Նախկին դատախազին սպասելիս

Ապրիլի 3-ին ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողների հետ զրույցում հայտել էր, որ առաջիկայում հնչեղություն ստացած եւ դեռեւս իրավապահների կողմից լռության մատնված գործերով հանդես կգա հայտարարությամբ: Սակայն նկատենք` դեռեւս 2016 թվականին, երբ Գեւորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնից հեռացավ, պատճառաբանել էր, որ առողջական խնդիրներ ունի, սակայն դատելով իրավիճակից` խնդիրը միանգամայն այլ է, քանի որ, ինչպես նա նշեց. «Վստահ եմ` բոլորդ գիտեք, որ այսօր քննվող բազմաթիվ քրեական գործեր` կոռուպցիոն բնույթի, հարուցված են եղել հենց իմ պաշտոնավարման ընթացքում, ես ուղղակի չհասցրեցի դրանք ավարտի հասցնել, հետեւաբար ես առիթ կունենամ այդ մասին խոսել»: Միգուցե այս եւ այլ քրեական գործերի առավել ուշագրավ հանգամանքներն է պատրաստվում նախկին գլխավոր դատախազը ներկայացնել. սպասենք զարգացումներին:

Հ.Գ.Մինչ այդ նկատենք մեկ փաստ. ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել` Պողոսյանի պաշտոնավարման ընթացքում ԴԱՀԿ համար «Քեթրին գրուպ» ընկերութունից մեքենաներ գնելու դրվագով: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2013թ. այս թեմայով հետաքննություն էր անցկացրել, հրապարակել գրեթե նույն փաստերը, ինչ այսօր մատնանշում է ՀՔԾ-ն: Այս թեման ԱԺ-ում բարձրաձայնեց նաեւ այն ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, բայց այն ժամանակ իրավապահ համակարգն ընթացք չտվեց բացահայտումներին, դեռ ավելին` այն ժամանակ արդարադատության նախարար, այժմ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը փորձում էր ամեն կերպ արդարացնել կատարվածը:

Քնար Մանուկյան




Լրահոս