ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանեցյա՞նն է միջնորդել Գարեգին Բաղրամյանի համար. վերջինս պարզաբանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Նշենք, որ այս հարցը ընդգրկվել է ԱԺ վաղվա քառօրյայի օրակարգում, իսկ քվեարկությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը Գարեգին Բաղրամյանի` ՀԾԿՀ նախագահի պաշտոնին նշանակվելու մասին գրել էր դեռեւս անցած տարվա հոկտեմբերին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա իշխանության ներկայացուցիչներին ասել է, որ չի ցանկանում երկար ժամանակ նախարար աշխատել, քանի որ այդ պաշտոնն իրենը չի համարում:

Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերջինս ասել է, որ ցանկանում է հետ վերադառնալ իրեն առավել հարազատ ոլորտ, որտեղ նա երկար տարիներ աշխատել է. մինչ նախարար լինելը Գարեգին Բաղրամյանը 2011-2018թթ. եղել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի մասին զրուցել է Գարեգին Բաղրամյանի հետ:

-Պարո՛ն Բաղրամյան, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ առաջ հրապարակել էր, որ Դուք առաջադրվելու եք ՀԾԿՀ նածագահի պաշտոնում: Դուք մեզ հետ զրույցում հերքեցիք դա: Ինչո՞ւ: Չգիտեի՞ք, որ առաջարկվելու է Ձեր թեկնածությունը, անակնկա՞լ էր Ձեզ համար:

-Այն ժամանակ չէին առաջադրել, դրա համար էլ հերքեցի: Անակնկալ էր այնքանով, որ եթե կառուցվածքային փոփոխություններ կային, կա՛մ պետք է մնայի որպես առաջարկվող նախարար, տեղակալ, կա՛մ առաջադրվեի տվյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այդ ժամանակ, բնականաբար, չեմ իմացել` ոնց վարչապետը ճիշտ կհամարի: Հիմա այդպես է առաջադրել:

-Տեղեկություններ կան այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ Ձեզ համար միջնորդել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` հաշվի առնելով Ձեր բարեկամական կապերը: Ի՞նչ կասեք այս մասին:

-Այդ հարցին բազմաթիվ անգամներ եմ պատասխանել: Դա էական ազդեցություն չի ունեցել, որովհետեւ ես առնվազն 20 տարի այդ համակարգում աշխատում եմ եւ առաջին կարգից իմ ուժերով հասել եմ այն պաշտոնին, որը հիմա զբաղեցնում եմ, եւ չեմ կարծում, որ այդ որոշումը կայացնելուց դա էական դեր է ունեցել:

-Այսինքն` պարոն Վանեցյանի գործոնը որեւէ կերպ չի՞ ազդել:

-Ես չեմ գտնում, որ ազդել է:

-Նաեւ տեղեկություններ կան այն մասին, որ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող, նախկին գյուղատնտեսության նախարար Գեղամ Գեւորգյանը պայքարել է այս պաշտոնի համար, եւ նրան էլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հովանավորել: Այս մասին ի՞նչ կասեք:

-Չգիտեմ նման բանի մասին:

-Պարո՛ն Բաղրամյան, ի՞նչ փոփոխություններ եք իրականացնելու հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում:

-Ես կարծում եմ` պետք է ուշադիր լինել այն ելույթին, որը նախապատրաստվում եմ ունենալ: Այնտեղ մանրամասն կնշեմ 6-7 հիմնական ուղղություններ, որոնք պատրաստվում եմ իրականացնել:

-Ամեն դեպքում, խնդրում ենք, կխոսե՞ք գոնե մեկ փոփոխության մասին:

-Մասնավորապես` ներդրումների, գնումների գործընթացի որոշակի թափանցիկություն եւ օպտիմալացում եմ տեսնում, որ պետք է անել, որովհետեւ դա էական ազդեցություն կարող է ունենալ հետագա սակագների ձեւավորման վրա:

Խնդիրներ կան ընդհանուր. այդ գնային ձեւավորման մեխանիզմները ավելի հասու դարձնել հասարակության ավելի լայն շերտերին, որպեսզի իրենք համոզված լինեն` այն գինը, որը վճարում են մատուցվող ծառայությունների համար, առնվազն խելամիտ եւ ողջամիտ չափ է: Այլ հարց է արդեն, որ որոշ հատվածին` սոցիալապես անապահով, դա որոշակիորեն բարձր է թվում, բայց պետք է սպառնողների մոտ բարձրացնել այն վստահությունը, որ իրենք համոզված լինեն` վճարվող գինը արդարացի հաշվարկված է:

Հ.Գ. Ի դեպ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասով հարց ուղղեց նաեւ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանին:

-Պարո՛ն Գեւորգյան, ՀԾԿՀ թեկնածուի պաշտոնում առաջադրվելու համար շրջանառվում էր նաեւ Ձեր անունը: Ըստ տեղեկությունների` Ձեզ այդ հարցին աջակցում էր Տիգրան Ավինյանը…

-ՀԾԿՀ նախագահի թեկնածուի անունն արդեն ուղարկվել է Ազգային Ժողով: Նա Գարեգին Բաղրամյանն է: Նա շատ լավ ընկեր է, ես շատ ուրախ եմ դրա համար եւ երբեք չեմ պայքարել այդ պաշտոնի համար: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

Լուսինե Մինասյան




Լրահոս