Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակ էր հրապարակել` ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նամակում «Ժառանգություն»-ը Փաշինյանից նոր բացված աշխատատեղերի մասին տեղեկանք պահանջեց, քանի որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հնչեցրել էր 50 հաար աշխատատեղերի մասին։
ArmLur.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» մինչ նման նամակ տարածելը ուսումնասիրե՞լ է վիճակագրական կոմիտեի զեկույցը, դրական պատասխան տվեց։
«Իհարկե, նայել ենք։ Եվ հենց այնտեղի տվյալներով խիստ անհամապատասխանություն կար եւ այդ 50.000 թիվը ոչ մի կերպ չէինք կարողանում ստանալ։ Այս պահին վերջինը փետրվար ամսվա տվյալներն են հրապարակված եւ կա 560.000 եւ մի փոքր ավելի աշխատատեղ։
Երբ որ Նիկոլ Փաշինյանը 2018-ի մայիսին եկել է իշխանության գրանցված աշխատատեղերի թիվը եղել է 540.000-ին մոտ։ Այդ 50.000-ը լավագույն դեպքում թվային մանիպուլացիա է եւ դրանով անգամ 25.000-ը չի գերազանցում մայիսից մինչև փետրվար ընկած ժամանակահատվածը։ Մենք նաեւ ուզում ենք համոզվել գուցե պարոն Փաշինյանի մոտ կա՞ ապրիլ ամսվա տվյալները եւ կուզեինք դրա տեղեկանքը տեսնել։ Ուզում ենք հասկանալ` ինչի հիման վրա է բարձր ամբիոնից 50.000 աշխատատեղի մասին հնչեցրել եւ կարծում ենք դրա իրավունքը չուներ վարչապետը։ Նախորդ իշխանություններն էլ էին նման ոճով աշխատում եւ արդյունքը տեսանք։ Չենք ուզենա, որ հեղափոխական ուժը ունենա նախորդի ճակատագիրը»,- մեզ հետ զրույցում ասաց Գրիգորյանը։ Գրիգորյանը նաեւ հիշեցրեց` մենք ունեցել ենք պարոն Փաշինյանից ավելի շատ հասարակության վստահությունը վայելող առաջնորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Բայց մի քանի տարի անց իր հասարակական վստահությունից ոչինչ չմնաց եւ նա իր իշխանության վերարտադրության համար գնաց 1996 թվականի խայտառակ ընտրություններին»,-հավելեց նա։
Հ.Գ. Աշխատողների թվաքանակը հրապարակում է վիճակագրական ծառայությունը ՝ ՊԵԿ-ից ստացված տվյալների հիման վրա։ 2018 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հունվար աշխատողների թիվը ավելացել ա 51037-ով։ Դա հստակ երևում ա զեկույցներում թվերը համեմատելիս։
Լուսինե Մինասյան