«Ծուռ ավտոերթ». Արցախում անօրինականություն չի լինելու. Գագիկ Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը տեղեկացրել է, որ «Դեպի Արցախ» միասնության ավտոերթի միջոցառումները տեղի են ունենալու 2019թ. մայիսի 25-28-ը ներառյալ:

Ըստ կուսակցության տարածած տեղեկատվության` ավտոերթի նպատակներն են. «Ցույց տալ, որ մեր ազգը միասնական է եւ Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը»: Նշվում է նաեւ, որ ավտոերթով շարժվելու են Արցախի տարածքում եւ հանդիպումներ են ունենալու Արցախի վարչական շրջանների կենտրոններում: Իսկ արդեն ամփոփիչ հանդիպումը տեղի է ունենալու մայիսի 28-ին` ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության հռչակման եւ անկախ պետականության վերականգնման 101-րդ տարեդարձի:

Ավտոերթի կազմակերպիչները նշել են նաեւ, որ այն տեղի է ունենալու միայն եռագույն դրոշներով, կուսակցական դրոշներ չեն լինելու: Իրենց կուսակցական կամ այլ բնույթի պատկանելությունն ընդծելու ցանկություն ունեցող մասնակիցները կարող են այլ խորհրդանիշներ կրել իրենց ավտոմեքենաների, հագուստի կամ այլ իրերի վրա:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ավտոերթի հետ կապված զրուցել է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի հետ` պարզելու համար` արդյոք իրենք իրենց ավտոերթը համաձայնեցրել են Արցախի իշխանությունների հետ: «Եթե օրինականության շրջանակներում է, ոչ ոք ոչինչ չի կարող ասել, իսկ պարզ է մեր հայտարարություններից, որ մենք որեւէ անօրինական բան չենք անելու, իրենք էլ իրազեկված են: Երթը միասնության գաղափարին է ուղղված եւ չի կարող ենթադրել որեւէ անօրինականություն բնականաբար: Դրա համար հատուկ համաձայնեցնելու մեկի հետ կարիքը ես չեմ տեսնում, առավել եւս, որ մեր հայտարարության բովանդակությունն էլ ասում է, որ պետք չի այն որեւէ մեկի հետ համաձայնեցնել»,-հայտարարեց մեր զրուցակիցը:

Ըստ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցչի` բոլոր երթերի, ակցիաների ժամանակ էլ հայտարարվել է, որ ավելորդ լարվածություն է ստեղծվելու, բայց իրականում նման բան չի կարող լինել. «Արտառոց բան չկա, լարվածություն չի լինելու, գուցե ներքին լարվածություն ունեն, բայց իրականությունն այլ է. մենք միայն միասնության երթ ենք անելու»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս