Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ նամակ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակում, մասնավորապես, ասված է.
«Տիկին քաղաքապետ, սիրելի գործընկեր, խորին ափսոսանքով և տխրությամբ տեղեկացա երեկ Փարիզում կատարվածի մասին: Փարիզի Աստվածամոր տաճարը՝ համաշխարհային արվեստի գլուգործոցը, Ֆրանսիայի պատմության վկան, Փարիզի խորհրդանիշը…
Երեկ երեկոյան ու գիշերը, հետևելով Ֆրանսիայից ստացվող լրահոսին, հետևում էի նաև համացանցի հայկական հատվածի արձագանքներին: Ափսոսանքի ու զորակցության խոսքերի հետ միասին երևանցիները համոզմունք են հայտնում, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի վերակառուցել այս հիասքանչ տաճարը՝ միջնադարի հրաշալիքներից մեկը, և այն կշարունակի հիացնել և հյուրընկալել միլիոնավոր մարդկանց ողջ աշխարհից:
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք»: