«Սպայկա»-ի չմթերելը խնդիրներ կառաջացնի՞ սիսավանցիների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արարատի մարզի գյուղերի բնակիչները հայտնվել են անհարմար վիճակում. նրանց մտահոգել է «Սպայկա»-ի հայտարարությունն այն մասին, որ մի քանի տասնյակ մարզերում դադարեցնում է մթերումները:

Նշենք, որ ընկերությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, եւ նշել, որ ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման եւ պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում` բեռնատարները:

Օրինակ` Արարատի մարզի Սիսավանի գյուղապետ Սպարտակ Թարթիկյանը «Ժոովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ընկերությունը ամեն տարի մթերել է դեղձ, ծիրան: «Միանշանակ մթերել է: Նաեւ կան անհատներ, որոնք եւս մթերումներ արել են: Բայց եթե «Սպայկա»-ն չլիներ, լուրջ խնդիրներ կունենայինք: Միայն «Սպայկա»-ն բերքի շրջանում օրը 20-22 տոննա բերք էր դուրս տանում գյուղից:

Մենք բոլորս էլ հույս ունենք, որ ամեն բան կարվի «Սպայկա»-ին հետ բերելու ուղղությամբ: Բայց, մյուս կողմից, մեր պետությունն է, բոլորս էլ պետք է հարկերը վճարենք»,- նկատեց գյուղապետը, ապա երանությամբ հիշեց, որ երբ «Սպայկա»-ի մեքենաները գյուղ են մտնում, եռուզեռ է սկսվում, մարդիկ ակտիվանում են ու ուրախանում: Իսկ Արալեզի գյուղապետ Մարտին Թեւոնյանի խոսքերով` գյուղի բնակիչները հույս ունեն, որ «Սպայկա»-ն կշարունակի մթերումները. ««Սպայկա»-ն չլինի, մեկ ուրիշը կգա: Մի բան կմտածենք»: Ի դեպ, նշենք, որ ընկերությունն արալեզցիներից հիմնականում դեղձ է մթերել:

Ի դեպ, գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը, երեկ լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով «Սպայկա»-ի հայտարարությանը, ասաց. «Մենք էլ հայտարարել ենք, որ ֆինանսական խնդիրների դեպքում կօժանդակենք թե՛ «Սպայկա»-ի, թե՛ մյուս բոլոր ընկերություններին. դրա համար ունենք հատուկ ծրագիր ու համապատասխան ֆինանսական ռեսուրսներ: Կարծում եմ` ֆինանսական ռեսուրսների խնդիր չպետք է ունենանք»: Այս դեպքում մեզ մնում է հավատալ Գեղամ Գեւորգյանին:

Նա նաեւ տեղեկացրեց, որ «Սպայկա» ընկերության արտադրության ծավալները կազմում են արտահանվող հայկական թարմ պտուղ- բանջարեղենի 20 տոկոսը. «Բայց սա չի նշանակում, որ «Սպայկա» ընկերությունը գյուղատնտեսության նախարարության գործընկերը չէ, չի նշանակում, որ մենք փնտրում ենք նոր խաղացողներ «Սպայկա»-ի փոխարեն մտնելու համար»:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս